Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14-ին Երևանում հանդես կգա համերգներով:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվելիք համերգի կազմակերպիչները հավաստիացնում են, որ տոմսերն ամբողջությամբ սպառված են:
Մինչ հայ երաժշտասերների հետ հանդիպումը Կլայդերմանը այսօր լրագրողների հետ ասուլիսի էր եկել, որի ավարտից հետո, ի պատասխան լրագրողներից մեկի խնդրանքի, իր երաժշտացանկից մի փոքրիկ հատված նվագեց:
Հարցերին պատասխանելիս երաժիշտը նախևառաջ ասաց, որ իր 40-ամյա երաժշտական կարիերայի ընթացքում առաջին անգամ է Հայաստանում և հույս հայտնեց, որ սա իր վերջին այցը չի լինի: Ասաց, որ ռոմանտիկ է և դա իր ապրելակերպն է: Համերգների ընթացքում հույս ունի իր հույզերը ամբողջովին փոխանցել հայ ունկնդրին:
«Ես կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը կատարում եմ, դա հենց իմ անձն է ներկայացնում», - ասաց երաժիշտը:
Երևանյան երկօրյա համերգային ծրագրում ընդգրկված են Կլայդերմանի լավագույն կատարումները:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք հայ կոմպոզիտորներ եղել են իր երաժշտացանկում, Ռիչարդ Կլայդերմանը պատասխանեց․ - «Օրինակ՝ իմ ռեպերտուարի մեջ արդեն Խաչատրյան կա՝ «Սպարտակը», ներառված, ես հույս ունեմ, որ ձեր երաժշտական ժառանգությունը կկարողանամ քիչ թե շատ բացահայտել, չնայած Հայաստանում մնալու եմ ընդամենը երեք օր»:
Ռիչարդ Կլայդերմանն ասում էր, որ բախտն իրեն չի ժպտացել և ինքը երբևէ չի նվագակցել շանսոնի ամենամեծ վարպետին՝ Շարլ Ազնավուրին, բայց ֆրանսիայում բնակվող այլ հայ երաժիշտների հետ հնարավորություն է ունեցել նվագել: