Մատչելիության հղումներ

Կադիրովը «կյանքը կտա» Պուտինի համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ, արխիվ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն այսօր իր «անսահման շնորհակալությունն» է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իր «համեստ աշխատանքի» դիմաց նրա կողմից մեծ պարգևի ու գնահատականի արժանանալու համար։ Չեչնիայի նախագահը Instagram-ում գրել է, թե պատրաստ է իր կյանքը զոհաբերել հանուն Ռուսաստանի նախագահի։

Կադիրովը նաև գրել է, որ Չեչնիայում հաստատված խաղաղությունն ու կայունությունը Պուտինի վաստակն է. - «Ես միշտ երախտապարտ կլինեմ Պուտինին այն ամենի համար, ինչ նա արել է անձամբ ինձ ու ժողովրդիս ի նպաստ։ Ես միշտ կլինեմ նրա կողքին՝ անկախ նրա պաշտոնից։ Նման անձնավորության համար նույնիսկ կյանքը զոհաբերելը ամենադյուրին բանն է։ Ես միշտ կկատարեմ նրա բոլոր հրամանները, նրա համար կլուծեմ ցանկացած խնդիր՝ անկախ նրանից թե դա ինձ համար ինչ կարժենա»։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից 10 օր անց Պուտինը Պատվո շքանշանով պարգևատրեց Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին՝ աշխատանքային հաջողությունների, ակտիվ հասարակական գործունեության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Նեմցովի ընկեր Իլյա Յաշինը երեկ հայտարարեց, որ սպանության հետքերը տանում են Գրոզնի՝ ուղիղ Կադիրովի աշխատասենյակ: «Բաց է մնում հարցը, թե դա [սպանությունը] եղել է Կադիրովի անմիջակա՞ն նախաձեռնությունը, թե՞ համաձայնեցված է եղել Պուտինի հետ», - ասաց Յաշինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG