Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը դեռ չի ստացել ռուս գործընկերոջ պատասխանը


Գևորգ Կոստանյանը դեռ չի ստացել ռուս գործընկերոջ պատասխանը
please wait

No media source currently available

0:00 0:02:49 0:00

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեռ պաշտոնապես չի ստացել Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի վերաբերյալ ռուսաստանցի իր գործընկերոջն ուղղված նամակի պատասխանը։

«Ես ձեզ վստահեցնում եմ, մենք այս պահին մեր օրենսդրությամբ, այսինքն տվյալ միջազգային պայմանագրում սահմանված ընթացակարգերին համապատասխան իրացրել ենք մեր հնարավորությունները, և հիմա Ռուսաստանի կողմից ստացված կամ ստացվող արձագանքի արդյունքում արդեն կքննարկենք և կգնահատենք մեր հետագա քայլերը։ Այսինքն պատասխանը կարող է վերջ դնել ընթացակարգին, որովհետև դրան կարող են հետևել նույն միջազգային պայմանագրով սահմանված բազմաթիվ այլ ընթացակարգեր»,- ասաց գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դատախազությանն ուղղված նամակի բովանդակությանը, ապա Կոստանյանը փակագծեր չի բացում.- «Ինչքան էլ որ հանրությունը հետաքրքրված է, թե ինչ բովանդակություն ունի այն, ես հայտնել եմ, որ նամակը, որը իր մեջ բովանդակում է թե ծառայողական, թե նախաքննական գաղտնի տվյալներ, չի կարող հրապարակման ենթակա լինել»։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունվարի 20-ին Պերմյակովին հայաստանյան իրավապահներին հանձնելու պահանջով նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, պատճենը՝ երկրի գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ Ռուսաստանի դատախազությունից Փոստանջյանին պատասխանել էին, որ Պերմյակովը ենթակա չէ հանձնման Հայաստանի իրավասու մարմիններին, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է։ Հայաստանի գլխավոր դատախազն ասում է, որ պատգամավորի դիմումի պատասխանն իր համար հիմք չէ։

«Զարուհի Փոստանջյանի դիմումը քաղաքացու կամ ֆիզիկական անձի դիմում է, բայց ես չեմ կարող գնահատականի արժանացնել կամ քննարկման առարկա դարձնել Փոստանջյանի կամ մեկ այլ անձի ներկայացրած դիմումի պատասխանը՝ նկատի ունենալով, որ դուք էլ կարող եք հիմա դիմել ՌԴ գլխավոր դատախազություն և նկատի ունենալով, որ իմ հարցերին ես դեռևս պատասխան չունեմ՝ պաշտոնապես»,- ասաց Կոստանյանը։

Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Պերմյակովի առողջական խնդիրների մասին խոսակցությունների վերաբերյալ պաշտոնյան ընդգծեց, որ դրանք հաստատվում կամ հերքվում են միայն համապատասխան փորձաքննություններով։

Գլխավոր դատախազը նաև հայտարարեց, որ իր ընդունելության օրերին պատրաստ է լսել Ավետիսյանների հարազատներին, եթե նրանք ցանկություն հայտնեն հանդիպել իր հետ։

Քննչական կոմիտեն էլ տարածել է հաղորդագրություն, համաձայն որի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Տուժողի իրավահաջորդների որոշակի հարցեր են ներկայացրել և նրանք իրենց հարցերն են ուղղել վարույթը իրականացնող մարմնին։ Եվ այն սահմաններում, որ վարույթը իրականացնող մարմինը հնարավորություն ուներ պատասխանելու, որոշակի պատասխաններ տվել է»,- ասաց փաստաբանը։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ տուժողի իրավահաջորդների հետ հանդիպումները շարունակական են լինելու։

XS
SM
MD
LG