Մատչելիության հղումներ

Ղարաբաղում մեկնարկել է պատգամավորության թեկնածուների առաջադրումը


Ղարաբաղում մեկնարկել է պատգամավորության թեկնածուների առաջադրումը
please wait

No media source currently available

0:00 0:03:15 0:00

Լեռնային Ղարաբաղում այսօրվանից մեկնարկել է կուսակցությունների կողմից համամասնական ընտրացուցակների ու մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուների առաջադրումը:

«Այս պահի դրությամբ՝ ԿԸՀ հանձնաժողովում փաստաթղթեր ներկայացված չեն: Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ինֆորմացիա կունենաք ավելի ուշ», - «Ազատությանը» փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Անդրադառնալով տեղական ընտրական հանձնաժողովների պատրաստվածության մակարդակին՝ Սրբուհի Արզումանյանը նշեց, թե կարևորում է նրանց պրոֆեսիոնալիզմը, այդ պատճառով էլ ընտրությունների նախօրեին մասնագիտական դասընթացներ են անցկացվելու նրանց համար: Դասընթացներին մասնակցելու համար այս տարի 1200 քաղաքացի է դիմել:

«Համոզված եմ, որ այս ընտրություններում կունենանք ավելի լավ պատրաստվածությամբ հանձնաժողովներ», - նշեց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, թե ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ են լինում, ԿԸՀ նախագահը հակադարձեց՝ պետք է փաստեր մատնանշեն:

«Դա կլինի ընդունված վարչական ակտերի, թե կլինի դատական կարգով ընդունված որոշումների տեսքով՝ ես և՛ մասնագիտության ուժով, և՛ աշխատանքի բերումով հակված եմ վերլուծությունները կատարել այդ համատեքստում: Եթե չունենք դա, դրա մասին ընդգծված խոսելը տեղին չեմ համարում: Համենայնդեպս, կարծում եմ՝ մեր գիտակից հասարակությունն ի դեմս 100,000 ընտրողների պիտի որ թույլ չտա նման խախտումները», - ասաց Սրբուհի Արզումանյանը:

Հայկ Խանումյանը, որի ղեկավարած ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունն օրերս հայտարարեց առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Ղարաբաղում ընտրախախտումներն այնքան շատ չեն, որքան Հայաստանում, սակայն դա չի նշանակում, որ այստեղ ընտրախախտումներ չեն լինում:

«Հատկապես այն ընտրատեղամասում, որտեղ վստահված անձիք չկան հակառակորդ մրցակցող ուժերից և չեն վերահսկվում: Հետևաբար, կարծում եմ չպետք է վստահել ընտրություններն անցկացնող մարմինն իշխանություններին, և պետք է փորձել հանրային մոբիլիզացիա կատարել ընտրությունները վերահսկելու համար», - ասում է նա:

Ընդդիմադիր գործիչն ընդգծում է, որ այս ընտրությունները, ի տարբերություն նախորդ՝ 2010 թվականին անցկացված ընտրությունների, մրցակցային են: Նա դրական է գնահատում նաև Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, մասնավորապես վստահված անձանց դերի բարձրացումը:

Խանումյանի խոսքով՝ առաջիկա ընտրություններին փորձելու են բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավել՝ ընտրախախտումները բացառելու համար․ - «Մեր թիմը փորձառու է տարբեր ընտրություններին մասնակցության առումով և նշեմ, որ Արցախում սովորաբար ընդունված չի եղել դատական կարգով բողոքարկելը, տարբեր գործընթացների մեջ մտնելը, բայց այս անգամ փորձելու ենք ներգրավել նաև բանիմաց իրավաբաններ, փաստաբաններ, ովքեր նաև իրավական դաշտում կփորձեն աշխատանք կատարել»:

Նշենք, որ ընտրությանը մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունելու է մինչև մարտի 19-ը:

Արա Հարությունյան, Ստեփանակերտ

XS
SM
MD
LG