Ջավախքի ուսուցիչները նշում են, որ չնայած խոստումներին, Հայաստանից դասագրքեր, հայալեզու այլ օժանդակ նյութեր այդպես էլ չեն ստացել:
Մինչդեռ հայտնի է, որ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը շուրջ 80 միլիոն դրամ էր ուղղել Սփյուռքի կրթական հաստատությունները անհրաժեշտ նյութերով ապահովելու համար: Ավելին՝ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով միայն Ջավախքի դպրոցների համար աշակերտական սեղաններ աթոռներ և գրատախտակներ ձեռք բերելու նպատակով նախատեսվել է հատկացնել 30 միլիոն դրամ:
Ախալքալաքի հանրային թիվ 1 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Գալստյանը «Ազատության» հետ զրույցում ասում է, որ իրենք ոչինչ չեն ստացել։ Դպրոցում անգամ Հայաստանի քարտեզ չկա, գանգատվում է ուսուցչուհին։
«Ութերորդ դասարանում ես չորս դասագրքով եմ պարապում, 25 հոգանոց դասարանում չորս դասագրքով եմ պարապում։ Ուղարկեցին շատ քիչ։ Մյուս տարի էլ էդ չորս դասագրքից կմնա երկուսը։ Մյուս տարի էլ չենք ունենա ընդհանրապես»,- մտահոգվում է Գալստյանը։ ։
Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հիշյալ ծրագրի իրականացմամբ նախորդ տարվանից ոչ թե իրենք են զբաղվում, այլ Սփյուռքի նախարարությունը։ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն ասաց, որ խնդիրը ծագել է սահմանին։
«Հարցի բարդությունը սկսվեց հենց նրանից, որ վրացական իշխանությունները հրաժարվեցին անցկացնել սահմանից գրականությունը, որը շուրջ 10 500 կտոր է։ Մենք բանակցություններ սկսեցինք վրացական իշխանությունների, կրթության նախարարության հետ հենց այս պահին։ Այդ հարցը կարգավորվում է Վրաստանում գտնվող մեր փոխնախարարի և համապատասխան վարչության պետի մասնակցությամբ։ Հանել էին հայ ժողովրդի պատմության, հայոց գրականության և որոշ հայագիտական նյութեր»,- պարզաբանեց պաշտոնյան։
Ուսումնական տարվա սկզբից մի քանի ամիս է անցել, մինչդեռ նախարարությունը նոր է բանակցություններ սկսում։ Այս ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մի քանի փոխայցելություններ են տեղի ունեցել, սայլը տեղից չի շարժվել։ Փոխարենը Ջավախքի դպրոցներում շատ առարկաներ այժմ դասավանդվում են երկլեզու գրքերով։ Աշխարհագրության կամ կենսաբանության դասի մի պարբերությունը հայերեն, իսկ մյուսը վրացերեն է։ Աշակերտներն այս մեթոդին սովորել են, սակայն երբեմն դժվարանում են այդ դասն ամբողջությամբ ընկալել։
«Վրացերեն ավելի զոռ է, հայերեն լինի ավելի լավ է էլի»,- ասում էր աշակերտներից մեկը։
Մեկ ուրիշն էլ հավելում է.- «Մենակ հայերենն ենք սովորում, որովհետև վրացերեն էդքան լավ չենք հասկանում։ Այսինքն ինչքան որ գիտենք, էդքան ենք հասկանում»։
Ըստ «Վիրք» չգրանցված կուսակցության համահիմնադիր Դավիթ Ռստակյանի՝ երկլեզու դասավանդման մեթոդը դպրոցներում արհեստականորեն ներդրվեց։ Նրա խոսքով՝ բացի այն, որ այդ գրքերում կան բազմաթիվ շարահյուսական ու տեղեկատվական սխալներ, դրանք նաև թույլ չեն տալիս, որ նյութն ամբողջությամբ ընկալվի։
«Եթե բոլոր նախադրյալները կա բազային լեզուն պահելու, երկրորդ լեզուն ուսումնասիրելու մեջ ես վատ բան չեմ տեսնում։ Բայց տեսեք էստեղ մի լեզվի ուսումնասիրությունը գնում է մյուս լեզվի հաշվին։ Էդ ենք ուզում ասել ու աղաղակում ենք միշտ»,- ասում է Ռստակյանը։
Ջավախահայ հասարակական գործիչը հավելում է , որ ի տարբերություն մյուս առարկաների, դպրոցներում աշակերտները հայոց լեզվի քննություն չեն հանձնում։ Թեև պատմություն առարկան կարող է դասավանդվել ֆակուլտատիվ ժամերի հաշվին, սակայն դրա համար դպրոցներին գումար չի հատկացվում, իսկ դասագրքերը մնում են սահմանին։ Ինչ վերաբերում է Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցին, այն, Ռստակյանի խոսքով,տարիներ շարունակ բարձրացվում է, սակայն խորհրդարանական քննարկումներից այն կողմ չի անցնում։