Այսօր Ազգային պատկերասրահում բացվեց Կոմիտասին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված ավելի քան 2 տասնյակ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքները և քանդակները նվիրաբերվելու են Կոմիտասի վերջերս բացված թանգարան-ինստիտուտին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ազգային պատկերասրահը և Աշխարհի հայ նկարիչների միությունը:
«Անցած տարի՝ 2014 թվականին, Կոմիտասի 145-ամյակը մենք պիտի նշեինք Կոմիտասով, բայց քանի որ դեկտեմբեր ամսին ցուցասրահում տեղ չկար, մենք հետաձգեցինք, որ միանգամից նաև 15 թվի խողովակով անցնի: Եվ պատրաստում ենք գիրք՝ ռուսերեն, անգլերեն լեզուներով, Կոմիտասի գործունեության մասին», - ասում է միության նախագահ Ղազար Միրզոյանը:
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանն էլ ցուցահանդեսի բացման իր խոսքում, մասնավորապես, ասաց․ - «Նման հրաշալի թանգարան բացելու համար անհրաժեշտ է մեծ ներդրում: Մենք չենք կարող միշտ ցուցադրել այն ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են հարյուր կամ հիսուն տարի առաջ: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Այվազովսկին էլ, Բաշինջաղյանն էլ, Սարյանն էլ, Սուրենյանցն էլ վաղուց դասական են և նրանք մահացել են: Մեզ պետք է նոր արվեստ, նոր մտածելակերպ»:
«Նվիրելու եմ: Նվիրելու եմ, որովհետև Կոմիտաս ինստիտուտ-թանգարանը մի քիչ, կարելի է ասել, աղքատ է: Պետք է ինչ-որ մի ձևի հարստացնել, որովհետև էքսպոնատները շատ քիչ են», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց քանդակագործ Տարիել Հակոբյանը, ով իր երկու քանդակները՝ Կոմիտասն ու Արմենակ Շահմուրադյանը, սիրով նվիրել է թանգարանին:
Ցուցահանդեսի ուշագրավ աշխատանքների թվում էին երիտասարդ քանդակագործ Ռաֆայելի՝ Կոմիտասին նվիրված քանդակը, Հռիփսիմե Գրիգորյանի գրաֆիկական աշխատանքը, որը կոչվում էր «Խնկի ծառ»:
Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը ողջունեց այս նախաձեռնությունը, նշելով՝ «նորակառույց թանգարանին յուրաքանչյուր նվիրվատվություն նոր շունչ է հաղորդում»: