«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) Ազգային ժողովում Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր այլևս չունի։ Քիչ առաջ կուսակցության շարքերը լքելու մասին հայտարարություն տարածեց պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
«Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետև հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն և հարգանք վայելող մի շարք անձանց՝ այդ թվում հոգևոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը: Քննարկումներիս արդյունքում եմ հանգել այս որոշմանը։ Ես դուրս եմ գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերներիս հետ», - իր հայտարարությունում ասել է Գրիգորյանը։
Երեկ ԲՀԿ-ն լքելու մասին հայտարարեց նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ պնդելով, թե Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո, ինքն այլևս ոչ մի պարտավորվածություն չի տեսնում ԲՀԿ-ի նկատմամբ. - «Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»։
Գյումրիի քաղաքապետն այս պահին լրացուցիչ մեկնաբանություններից խուսափում է:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է, որ Հայաստանում այդպես էլ չձևավորվեց՝ կուսակցությունը ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ հիմնելու մշակույթ. - «Ցավոք, Հայաստանում այդ երկու տասնամյակների ընթացքում չձևավորվեց վերջնական կուլտուրա կուսակցականաշինության ոլորտում: Մեզ մոտ ժողովուրդն ընտրում է ոչ թե կուսակցություններին՝ իրենց գաղափարախոսության համար, այլ ավելի շատ ընտրում է կուսակցության լիդերին: Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական գործիչների՝ ԲՀԿ-ին անդամակցությանը, դա էլ էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի անձով։ Բոլորն էլ ԲՀԿ-ական էին դարձել միայն Գագիկ Ծառուկյանի անձը հաշվի առնելով»։
Երեկ ԲՀԿ-ի արտահերթ համագումարում Գագիծ Ծառուկյանը հայտարարեց այլևս ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու, կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին. - «Ես որևէ կապ այլևս չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»։
«Ոչ միայն Սամվել Բալասանյանը, այլ բոլորը լքում են ԲՀԿ-ն, որովհետև Գագիկ Ծառուկյանը երեկվա իր հայտարարությամբ փաստեց, որ ինքը քաղաքականությունից դուրս է գալիս, - «Ազատության» հետ զրույցում ասաց Համբարյանը՝ հավելելով. - «Մարդիկ, ովքեր սպասում էին, որ մարտի 5-ից հետո ինչ-որ դրական տեղաշարժեր պետք է տեղի ունենան ԲՀԿ-ի ներսում, և իրենք կշարունակեն իրենց գործունեությունը, չեղավ այդ սպասումները, և նրանք որոշեցին լքել ԲՀԿ-ն»։
ԲՀԿ-ի շարքերը Շիրակի մարզից առաջինը լքեց Արթիկից ընտրված մեծամասնական պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Այսօր հայտնի դարձավ, որ Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ևս հեռացել է ԲՀԿ-ից:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Գյումրիում հաղթել էր իշխող Հանրապետականին քվեների գրեթե կրկնակի առավելությամբ: