Մատչելիության հղումներ

Գերակա շահ. 8 տարվա պայքարից հետո բնակիչները վտարման նամակներ են ստանում


Գերակա շահ. 8 տարվա պայքարից հետո բնակչները վտարման նամակներ են ստանում
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Հյուսիսային պողոտայի հարևանությամբ կանգուն մնացած եզակի շենքերից Տերյան 25-ի բնակիչները այսօր բողոքի երթով գնացին Ազգային ժողով՝ հանձնելու պատգամավորներին ուղղված 131 նամակները։

Բացառիկ գերակա շահ ճանաչված շենքի 52 բնակարանների կեսն արդեն դատարկվել է, բնակիչները համաձայնել են կառուցապատողի պայմաններին: 22 ընտանիք, սակայն, շարունակում է պայքարը։ Վարդան Գերավետյանն ասում է, որ զրկված են իրենց սեփականությունը լիարժեք տնօրինելու հնարավորությունից:

«8 տարվա ընթացքում չկա մի բնակարան, որը վաճառված լինի այլ անձի, քան Մայրապետյանին։ Այսինքն Սամվել Մայրապետյանի վրա է ուղղորդվում, և ենթադրենք, որ ինչ-որ մեկը ուզում է վաճառել մեկ այլ անձի, բնականաբար նա չի ուզում գնել, որովհետև գիտի ինչ պրոբլեմներ է ունենալու հետագայում», - ասում է բնակիչը:

Անցած 8 տարիներին Կառավարությունը 2 անգամ հետաձգել է շինարարության համար տրված թույլտվության ժամկետները։ Այս ընթացքում, սակայն, բնակիչներին այդպես էլ հայտնի չի դարձել, թե ինչ է նախատեսվում կառուցել իրենց շենքի փոխարեն։

Բնակիչները նախկինում բողոքարկել են տարածքը գերակա շահ ճանաչելու` Կառավարության որոշումները։ Դատական երեք ատյանները կա՛մ մերժել են հայցն ընդունել, կա՛մ էլ կայացրել են որոշումներ՝ ի վնաս բնակիչների։ Արդյունքի չհասած բնակիչների բողոքը հասել է Եվրադատարան, Հայաստանում էլ նոր հիմքով են դատական հայց ներկայացրել։ Մինչև հայաստանյան ու միջազգային դատարանները վճիռներ կկայացնեն, բնակիչները դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակից արդեն նախազգուշական նամակներ են ստանում, որ պարտավոր են երկամսյա ժամկետում ազատել բնակարանները։

«Ցանկացած կառուցապատման խնդիր չգիտես ինչու Հայաստանում լուծվում է ոստիկանների միջոցով, նրանց աջակցությամբ։ Չենք բացառում, որ նորից նրանք կարող են գալ, նորից փորձեն ուժային ձևով հանել, բայց մենք որոշել ենք այդ 22 հոգով, որ այդ դառը բաժակը կխմենք մինչև վերջ», - մեզ հետ զրույցում ասում էին նրանք:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը հիշատակում է հանրային գերակա շահից տուժած բազմաթիվ դեպքեր և կասկածի տակ առնում հատկապես մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող կառուցապատումների հանրային նշանակությունը։

«Բացառիկ գերակա հանրային շահի անվան տակ սկսեցին շինարարություններ կատարել, բայց հետագայում այդ շենքերի մի մասը դարձան հյուրանոցներ։ Օրինակ` գլխավոր պողոտայում «Գրիառ» կազմակերպությունը կառուցեց 6 կորպուսանոց շենքեր, որոնցից մեկն այսօր հյուրանոց է դարձել։ Ամիրյան փողոցի շենքերը` բնակիչները պետք է բնակարան ստանային, դարձել է հյուրանոց, որի տերը, ինչպես, գիտեք պարոն Հովիկ Աբրահամյանի տղան է։ Այդ գերակա հանրային շահը հաստատելու դեպքում պետությունը պետք է սեփականատիրոջ հետ նրա հարցերը լուծի, իսկ մեր պետությունը ինչ է անում. նա ճանաչում է բացառիկ հանրային գերակա շահ, ընտրում է մի կառուցապատողի, սեփականատիրոջը դեմ է տալիս նրան, ասում է՝ գնացեք, ինչ ուզում եք արեք, ես կապ չունեմ», - ասում է Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG