Կոնյակ և գինի արտադրող ու Ռուսաստան և ԱՊՀ երկրներ արտահանող հայաստանյան մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին, որ վերջին շրջանում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով արտահանման ծավալները էականորեն նվազել են։
Նաիրա Պապոյանի «Արեգակ» ընկերությունը մի քանի ամիս է՝ հարկադիր պարապուրդի է մատնված։
«Դա կապված է հիմնականում ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետ, նաև վաճառքի գների ցածր լինելու հետ»,- ասաց Պապոյանը։
«Արեգակ» ընկերության արտադրանքն ամբողջությամբ իրացվում էր ռուսական շուկայում, իսկ այսօր արդեն սեփականատերը լուրջ մտավախություն ունի, որ կարող է կանգնել շուկան կորցնելու վտանգի առաջ։
«Ինչ-որ չափով մենք ապրիլ-մայիսին կկատարենք մեր պայմանագրային պարտավորությունները, որովհետև չենք կարող չկատարել, բայց հին գներով, ուղղակի շուկայից դուրս չմնալու և մեր պարտավորությունները կատարելու համար»,- ասաց Պապոյանը։
Կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կարող է հետագայում բացասաբար ազդել նաև խաղողի մթերման ծավալների վրա, ասաց գործարարը.- «Եթե ֆինանսական միջոցներ չկան, մուտքեր չեն լինում վաճառքի մեջ, բնական է, որ եթե մինչև սեպտեմբեր վիճակը չշտկվի ինչ-որ հրաշքով, հավանաբար ծավալները կփոքրանան»։
Պռոշյանի կոնյակի գործարանում ևս ռուսական շուկա արտահանման ծավալները կրճատվել են, փաստեց ընկերության փոխտնօրեն Ավիկ Գասպարյանը։ Պատճառը ոչ միայն ռուբլու փոխարժեքի անկումն է , այլև նոր փաստաթղթային խնդիրները՝ կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ։
«Արտահանում ենք, բայց քիչ, այս տարի մի հինգ մեքենա ենք արտահանել, անցյալ տարի մոտ 15 մեքենա ենք արտահանել այս ժամանակաշրջանում։ Քիչ քանակով որ ուղարկում ենք էս գների պայմաններում, ռուբլու անկման պայմաններում, ուղարկում ենք, որ շուկան չկորցնենք։ Ամենավատը շուկան կորցնելը»,- ասաց Գասպարյանը։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, ում որդին ղեկավարում է «ՄԱՊ» ընկերությունը, ևս հաստատեց, որ գինու ու կոնյակի արտահանման ծավալները կրճատվել են։
«Հիմա ռուսական ռուբլին արժեզրկվել է, և մեր ապրանքը իր արժեքով արդեն մրցունակ չէ ռուսական շուկայում։ Մեզ մոտ ինքնարժեքը դոլարով է ձևավորվում, իրենց մոտ վաճառվում է ռուբլիով... շատ վատ բան է, որովհետև 20 տարի շուկա ենք ստեղծել, հիմա կարող ենք շուկան կորցնել՝ միայն փոխարժեքի պատճառով»,- ասաց պատգամավորը։
Պետրոսյանը ևս մտահոգված է, որ արտահանման ծավալների նվազումը կարող է անդրադառնալ խաղողի մթերման վրա.- «Եթե գործարանները չկարողանան իրենց արտադրածը վաճառել, պատրաստ չեն լինի այս տարի խաղող մթերել»։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի արտադրությունը կրճատվել է մոտ 32 տոկոսով՝ հասնելով 610 հազար լիտրի: