Միացյալ Նահանգների նախկինում առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար, իսկ այժմ՝ Դեմոկրատական կուսակցության ամենահավանական նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կրկին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Պարզվում է, որ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս Քլինթոնը աշխատանքի համար օգտագործել է ոչ թե պաշտոնական, այլ անձնական էլեկտրոնային փոստը:
Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստը գտնվում էր հենց իրեն պատկանող clintonemail.com սերվերում: Այսպիսով նա լիարժեք հսկողություն է պահպանել սեփական էլեկտրոնային պահոցի նկատմամբ և ըստ էության կարող է սահմանափակել մուտքը իր պահոց:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ցանկացած քաղաքացի օրենքով կարող է պահանջել և ստանալ բարձրաստիճան պետական պաշտոնյայի ցանկացած էլեկտրոնային նամակ, եթե այն գաղտնի չէ: Այսպիսով, եթե որևէ քաղաքացի պետությունից պահանջի Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս ուղարկած կամ ստացած ոչ գաղտնի նամակները, պետությունը խնդիրներ կունենա և ստիպված կլինի հարցում անել Քլինթոնին, որպեսզի ինքը տրամադրի այդ նամակները, ինչը դեռ չի երաշխավորում դրական պատասխան:
Այսինքն, խնդիրը վերաբերում է ոչ այնքան անվտանգությանը կամ վերահսկողությամը, որքան պետպաշտոնյաների էլեկտրոնային պահոցների հասանելիությանը քաղաքացիների համար: Սա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ Հիլարի Քլինթոնը որոշ վերլուծաբանների կողմից համարվում է ամենահավանական նախագահի թեկնածուն:
Քլինթոնն ինքը դեռևս չի արձագանքում էլեկտրոնային փոստի հետ կապված խնդրին: Դեմոկրատական կուսակցության կողմնակից կանանց միջոցառման ընթացքում նա միայն անդրադարձել է կանանց իրավունքներին և դերին: «Մի՞թե դուք օրերից մի օր չեք ցանկանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին կին տեսնել», - հարցրել է նախկին պետքարտուղարը:
Թեև հերթական նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենալու 2016-ի նոյեմբերին՝ ներկուսակցական նախընտրական պայքարը և թեկնածությունների առաջադրումը կուսակցություններում ավանդաբար սկսվելու է այս տարվա սեպտեմբերին: