Ստամբուլի դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 10 հազար թուրքական լիրա՝ 2500 դոլար վճարել հայ- թուրքական հարաբերությունները խորհրդանշող հուշարձանի թուրք հեղինակ Մեհմեթ Ասկոյին:
Էրդողանը 2011 թվականի հունվարին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, այցելելով Ղարս, հայ-թուրքական հարաբերություններին նվիրված «Մարդկության հուշարձանը» որակել էր «հրեշավոր»:
Քանդակագործի փաստաբանը պահանջել էր, որ դատարանն Էրդողանին պարտավորեցնի վճարել ոչ թե 10 հազար թուրքական լիրա, այլ՝ 10 անգամ ավելին՝ 100 հազար լիրա՝ մոտ 25 հազար դոլլար: Փաստաբանը հիմնավորել է, որ Էրդողանի արտահայտությունը, թե քանդակագործի ստեղծագործությունը հրեշավոր է, ոչ թե քննադատություն է, այլ վիրավորանք:
Խնդրո առարկա քանդակը իրենից ներկայացնում էր դեմ դիմաց կանգնած և իրար ձեռք պարզած երկու մարդու, որոնք խորհրդանշում էին հայկական և թուրքական կողմերի երկխոսությունը: Հուշահամալիրն ամբողջացնում էր երկու հիմնական արձաններից քիչ հեռու տեղադրված մարդու ձեռքի բաց ափը պատկերող քանդակը:
Հուշարձանը Ղարսում տեղադրվել է 2005 թվականին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ, Ղարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուի հանձնարարությամբ: Հուշարձանի կառուցման ժամանակահատվածում դժգոհություններով ու քննադատությամբ հանդես եկողներին միացել էր նաև հուշարձանների պահպանությամբ զբաղվող խորհուրդը, որը որոշել էր կասեցնել աղմկահարույց արձանների տեղադրումը՝ պնդելով, որ դրա հիմքում պատմական իրողություններն են:
Այս ամենի ֆոնին հուշարձանն ապամոնտաժվել էր Ռեջեփ Էրդողանի հրամանով: