Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները փակել էին գործարանի մուտքը


«Նաիրիտ»-ի աշխատակիցները թույլ չեն տալիս տնօրենին մտնել գործարան, 4-ը մարտի, 2015թ․
«Նաիրիտ»-ի աշխատակիցները թույլ չեն տալիս տնօրենին մտնել գործարան, 4-ը մարտի, 2015թ․

Այսօր «Նաիրիտ»-ի նախկին աշխատողներն, ովքեր մոտ տարիուկես աշխատավարձ չեն ստացել, բողոքի հերթական ակցիան իրականացրին: Աշխատակիցները վաղ առավոտյան փակել էին գործարանի մուտքն ու ոչ ոքի թույլ չէին տալիս ներս մտնել։ Դրա հետևանքով ներկա և նախկին նաիրիտցիների մեջ մի պահ հրմշտոց սկսվեց։ Աշխատողները նշում էին, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պարտավոր են գործարան մտնել, մինչդեռ գործազուրկ ցուցարարները չէին թույլ չէին տալիս:

«Խի ես մտնում զավոդ, առանց իմ ու քոնի արի քո կոլեկտիվի կողքը կանգնի», - ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներից մեկը:

«Ուզում եք գլխիս ջարդվի», - արձագանքեց գործարանում աշխատանքը պահպանած նաիրիտցին:

«Ի՞նչը պիտի ջարդվի»:

«Բա որ մի բան եղավ»:

«Ի՞նչ պիտի լինի, զավոդը տրաքելո՞ւ ա, ի՞նչ ա աշխատում, որ տրաքի»:

«Թող իրանք էլ պատասխան տան»:

Քիչ ավելի ուշ գործարան ժամանեց նաև տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը։ Ցուցարարները նրան ևս չէին թողնում գործարան մտնել և պահանջում էին միջամտել, որ կառավարությունն իրենց պարտքի մարման ժամանակացույց տրամադրի։

«Դուք մեզ ազատեցիք աշխատանքից, դուք էլ մեր աշխատավարձը վճարեք», - բղավում էին նրանք։

Փետրվարին մոտ 1 700 նաիրիտցի հեռացվել էր գործարանից։ Այս պահին գրանցված աշխատողների թիվը շուրջ 400 է։

«Ես որ իմանամ ամեն օր գնում եք, օգուտ ա տալու, ակտիվը որ կա, մենք ակտիվի հետ հավաքվել ենք, որոշել ենք ինչ պիտի անենք, մենք էդ քայլերը անում ենք», - ասաց տնօրենը։

«Ազատության» հարցին ի պատասխան, թե այս պահին խնդիրը լուծելու համար ինչ է արվում, գործարանի տնօրենը ասաց, որ դա պարզ կլինի մոտ ապագայում։

«Պայմանավորվածություն կա, որ իրանց կընդունեն ու կպատասխանեն, ուղղակի նախարարը ստեղ չի էներգետիկայի։ Նախարարը կգա և կարծում եմ, որ հարցերին պատասխան կտա», - ասաց Ռուբեն Սաղաթելյանը:

Ցուցարարները սպառնում էին փակել նաև «Նաիրիտ» տանող ճանապարհը, սակայն քննարկումներից հետո համաձայնեցին հեռանալ՝ ասելով, որ կսպասեն գործարանում այսօրվանից մեկնարկող աուդիտի արդյունքներին։ Բողոքի ցույցերը, սակայն, նաիրիտցիները չեն դադարեցնի և կառավարության շենքի առջև կհավաքվեն վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG