Մատչելիության հղումներ

Նեմցովի սպանության մութ հարցերը


«Քննչական կոմիտեն, ներքին գործերի նախարարության օպերատիվ ծառայությունը և Դաշնային անվտանգության ծառայությունը ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ Բորիս Նեմցովի սպանությունը բացահայտելու համար», - հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նա նաև տեղեկացրել է, որ Բորիս Նեմցովի սպանության գործով վկա, սպանությունից վայրկյաններ առաջ նրա հետ զբոսնող Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան անցած գիշեր մեկնել է Կիև՝ ուկրաինական դիվանագիտական մարմինների միջամտությունից հետո: Դուրիցկայան ցուցմունք տալուց հետո էլ ռուս իրավապահների հսկողության տակ էր՝ մոսկովյան մի բնակարանում: Նա «Դոժդին» երեկ ասել էր, թե չգիտի՝ ինչու են ոստիկաններն իրեն հսկում՝ թույլ չտալով դուրս գալ այդ բնակարանից: Չնայած այդ պնդմանը, Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Մարկինն ասել է, որ Դուրիցկայան հրաժարվել է վկայի անվտանգության ապահովման համապատասխան միջոցառումներից:

Դուրիցկայայի մասնակցությամբ քննչական գործողությունները տևել են ավելի քան 7 ժամ:

Մինչ ռուսական լրատվամիջոցներն ակտիվորեն լծվել են Բորիս Նեմցովի սպանության՝ ուկրաինական հետքի պնդումները շրջանառության մեջ դնելու գործին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Բորիս Նեմցովին շնորհել է «Ազատության» հետմահու մեդալ:

«Նեմցովի կարգախոսն էր՝ հանուն մեր և ձեր ազատության: Այդ պատճառով եմ ես որոշել Նեմցովին հետմահու պարգևատրել ազատության մեդալով», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Պորոշենկոն:

Սպանության հանգամանքները

Ռուսական մամուլում (իրավապահների աղբյուրների վկայակոչմամբ) պնդումներ կան, որ Նեմցովին կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից` ինքնաշեն փամփուշտներով: Ընդ որում, տեղեկություններ կան, որ թե՛ ատրճանակը, թե՛ փամփուշտները 20 տարվա հնության են: Քրեական գործը հարուցվել է սպանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով:

Փորձագետները, վերլուծելով սպանության՝ մինչ այժմ հայտնի հանգամանքները , փորձում են հասկանալ, թե հնարավո՞ր է, որ հանցագործությունը կատարած լինի պրոֆեսիոնալ մարդասպանը:

Մինչ այժմ հրապարակված տեղեկատվության համաձայն, մարդասպանը Նեմցովին կրակել է մեկուկես մետր հեռավորությունից և նրան հասցրել է 4 կրակոց: Գնդակներից մեկը՝ սրտին:

Նեմցովի սպանության առնչությամբ հակադիր պնդումներով են հանդես գալիս Նեմցովի մերձավորներն ու ոստիկանական աղբյուրները: Ընդդիմադիրները համոզված պնդում են, որ Նեմցովը սպանվել է պրոֆեսիոնալ մարդասպանի կրակոցներից, մինչդեռ, քննչական կոմիտեից «Կոմերսանտին» հայտնել են, թե քննության մասնակիցները միայն մեկ հարցում են վստահ՝ «պրոֆեսիոնալ մարդասպանի մասին չէ խոսքը»:

Կրեմլից ոչ հեռու Նեմցովի սպանության գործը իրավապահները որակել են` «հատուկ կարևորության գործ»: Բայց ոստիկանությունը տաք հետքերով չի հայտնաբերել սպանողին:

Դեպքին ներկա ուկրաինայի քաղաքացին դժվարացել է հիշել ավտոմեքենայի մակնիշն ու համարը: Իրավապահները հետախուզում են Ford, Kia Rio и ВАЗ-2110 սպիտակ ավտոմեքենաները: Քննչական կոմիտեն 3 միլիոն ռուբլի (մոտ 50 հազար դոլլար) է խոստացել Նեմցովի սպանության գործով արժեքավոր տեղեկատվության համար:

Ալեքսեյ Նավալնի. «Պուտինին դա ձեռնտու է»

Բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ բանտից իր դիտարկումներն է հրապարակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին: Դատարանը երեկ մերժել էր նրա միջնորդությունը՝ թույլ չտալով մասնակցել Բորիս Նեմցովի հուղարկավորությանը:

«Ես կարծում եմ՝ Նեմցովին սպանել են կառավարական հատուկ ծառայությունները կամ կառավարամերձ կազմակերպությունները՝ քաղաքական ղեկավարության (ներառյալ Վլադիմիր Պուտինի) հրամանով», - իր բլոգում գրել է Նավալնին:

Նա կոչ է անում վերջ դնել դատողություններին, ըստ որոնց՝ «դա Պուտինին ձեռնտու չէ»: «Հռոմի պապին է, հավանաբար, ձեռնտու», - հեգնել է Նավալնին և պնդել. - «Պուտինին դա ձեռնտու է»:

Նեմցովի մերձավորները վկայակոչում են սպանությանը նախորդած հետապնդումները:

Նեմցովի փաստաբանը պահանջում է նորոգել գաղտնալսումների գործը

Բորիս Նեմցովի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վադիմ Պրոխորովը պնդում է, որ իրավապահները պարտավոր են վերսկսել 2011 թվականին Բորիս Նեմցովի հեռախոսային խոսակցություններն ապօրինի լսելու գործը:

«Այդ գործը կարճված չէ, կասեցված է, և հիմա վատ չէր լինի, եթե այդ գործը նորոգվեր»,- ասել է փաստաբանը: Փաստաբանը հիշեցրել է, որ Նեմցովի հեռախոսային խոսակցությունների հրապարակման համար մինչ օրս որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

2011 թվականին Բորիս Նեմցովի հեռախոսային խոսակցությունների սղագրությունը հրապարակել էր LifeNews–ը: Ըստ այդ հապարակման, Բորիս Նեմցովը քննարկում է ընդդիմության հանրահավաքի հետ կապված հարցեր և իր գնահատականներն է ներկայացրել որոշ այլ ընդդիմադիր գործիչների վերաբերյալ:

Բորիս Նեմցովն իր հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը բացատրել էր ընդդիմադիր համախոհների միջև սեպ խրելու՝ Կրեմլի անթաքույց նպատակներով: Նեմցովը գործընկերներից ներողություն էր խնդրել և դիմել քննչական կոմիտեին՝ պահանջելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը խախտելու համար քրեական գործ հարուցել LifeNews–ի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG