Նաիրիտցիներն այսօր ևս, ինչպես խոստացել էին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ամիսներ շարունակ չստացած աշխատավարձը։
«Կառավարությունից դեռ շաբաթներ առաջ խոստացել էին, որ կընդունեն մեզ: Պարզապես մենք փետրվարի 16-ին երբ որ այստեղ հավաքվել էինք, ներսից մեզ խոստացան, որ ամսի 25-ից հետ կհանդիպենք: Այսօր արդեն մարտի 5-ն է, ուստի մենք ակնկալում ենք, որ մեզ կընդունեն: Այն որ ամբողջությամբ պարտքը կվճարվի մենք հասկանում ենք, որ հնարավոր չի, այսօր պետությունն այդ հնարավորությունները չունի: Ընդառաջ ենք գնում պետության այդ պրոբլեմին և ուղղակի խնդրում ենք մեզ ներկայացնել ժամանակացույց», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Նաիրիտցիները վստահեցնում էին՝ եթե մի քանի օր էլ իրենց պահանջները չկատարվեն, ապա կդիմեն ծայրահեղ քայլերի․ բողոքի ցույցը կփոխարինեն նստացույցերով և հացադուլով։ Շատերն էլ նշում էին, որ պատրաստ են անգամ ճանապարհներ փակել։ Ցուցարարներն այսօր մի պահ թիկունքով շրջվեցին դեպի Կառավարության շենքը՝ այդպիսով հայտնելով իրենց վերաբերմունքը:
«Իրենք մեզ են արհամարհում, մենք էլ իրենց ենք արհամարհում», - նշեց նաիրիտցիներից մեկը:
«Տաքսիստներին գցեցին փողոց, նաիրիտցիներին գցեցին փողոց, բայց գոնե մեկը մտածեց, թե ինչով պիտի ապրեն էդ մարդիկ», - ասաց գործարանի մեկ այլ աշխատակից:
Երբեմնի քիմիական հսկա գործարանի աշխատակցիները այսօր նաևցանկանում էին երթով գնալ նախագահի նստավայրի մոտ, սակայն հետո որոշեցին սպասել՝ հույսով, որ Կառավարությունից որևէ մեկը կարձագանքի իրենց:
Դեռ նախորդ շաբաթ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ «Նաիրիտ»-ի հարցով անձամբ նախարարն է զբաղվում, սակայն վերջինս Հայաստանում չէ՝ կվերադառնա երեքշաբթի։
Այսօր նորից զանգահարեցինք նախարարություն: Մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ Երվանդ Զախարյանը հարցերին կկարողանա պատասխանել միայն ուրբաթ օրը, իսկ բողոքող նաիրիտցիներն այսօր նույնպես պատասխան չստացան: Մի քանի ժամ սպասելուց և պատասխան չստանալուց հետո նրանք որոշեցին հեռանալ՝ խոստանալով վաղը ևս առավոտյան բողոքի ցույց անել՝ այս անգամ գործարանի մոտ: Ասացին, որ վաղը տնօրենին թույլ չեն տալու գործարարն մտնել։