Երեկ Փարիզում մի ֆրանսահայ երիտասարդ նռան հյութ է շփել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքի Աքիլի վրա, երբ վերջինս դասախոսությամբ էր հանդես գալիս Փարիզ-Դեկարտ համալսարանում:
Hurriyet Daily News պարբերականի և France-24 հեռուստաընկերության հրապարակած կադրերից երևում է, թե ինչպես է հայազգի երիտասարդը դեսպանի ելույթի ժամանակ իջնում լսարանից և երկու անգամ շփում արնագույն հեղուկը թուրք դիվանագետի վրա: Ֆրանսիական հեռուստաընկերությունը նշում է, որ նուռը Հայաստանի խորհրդանիշն է:
Հայազգի երիտասարդին, ով ուսանող չէ, անվտանգության աշխատակիցները շատ արագ ձերբակալել են և, Հաքքի Աքիլի վկայությամբ, պարզել նրա անձը:
«Ավելի վաղ նրանք արդեն կազմակերպել են նման հարձակում: Մարսելում և Փարիզում, նրանք հարձակվել են թուրքական զբոսաշրջային գրասենյակի վրա», - ասել է թուրք դեսպանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը: Աքիլը հայտարարել է նաև, որ չէր զարմանա «1915-ի իրադարձությունների» 100-րդ տարելիցի նախօրեին նման ակցիաների բազմապատկմամբ: