Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի ոստիկանները իրեն բերման են ենթարկել Մոսկվայում ի հիշատակ սպանված ընդդիմադիր առաջնորդ Բորիս Նեմցովի կազմակերպված երթից առաջ:
«Ոստիկանությունն ինձ բերման է ենթարկել: Ես ո՛չ կոչեր էի հնչեցնում, ո՛չ որևէ պաստառ կամ դրոշ կրում: Նրանք պարզապես բերման ենթարկեցին ինձ իմ վերնաշապիկի վրայի նկարի պատճառով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գոնչարենկոն:
Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարում երևում է, որ Գոնչարենկոյի վերնաշապիկի վրա պատկերված է Նեմցովի լուսանկարը, որի տակ ուկրաիներեն գրված է՝ «Հերոսները երբեք չեն մեռնում»:
Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը հաստատել է Գոնչարենկոյի ձերբակալման փաստը և հայտնել, որ նա հանձնվել է քննիչներին: