Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել ուրբաթ գիշեր Մոսկվայում սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մորը՝ Դինա Էյդմանին, վստահեցնելով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և լկտի սպանության կազմակերպիչներն ու իրականացնողները կրեն արժանի պատիժը»:
«Հարգելի Դինա Յակովլևնա, ընդունեք իմ խորին ցավակցությունը անդառնալի կորստի կապակցությամբ», - ասվում է հեռագրի տեքստում, որը հրապարակված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում:
«Բորիս Նեմցովն իր հետքն է թողել Ռուսաստանի պատմության մեջ, քաղաքականության և հասարակական կյանքում: Մեր երկրի անցումային դժվարին ժամանակահատվածում նրան վիճակվել է աշխատել կարևոր պաշտոններում: Նա միշտ պարզ և անկեղծ հայտնում էր իր դիրքորոշումը, պաշտպանում իր տեսակետը», - նաև նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: