«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։
Հարձակման մասնակիցների թվի մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում, մեկ աղբյուր պնդում է, որ գրոհն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից-յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա։
Մեկ այլ աղբյուր պնդում է, որ չորս գրոհային է եղել, ովքեր Նեմցովի կրծքին են կրակել։
Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։ Իրավապահները որոնում են հանցագործին։
Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։
Բորիս Նեմցովը վերջին ամիսների ընթացքում անխնա քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահի քաղաքականությունը` պնդելով, որ Պուտինը բռնակցել է Ղրիմը։
Այդ մասին ընդդիմադիր գործիչը խոսել էր նաեւ սպանությունից ընդամենը մի քանի ժամ առաջ` «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նեմցովի փաստաբանը հայտարարել է, որ վերջին շրջանում ընդդիմադիր գործիչը սպառնալիքներ է ստացել անհայտ անձանց կողմից, այդ թվում` սոցիալական ցանցերում: «Մենք անգամ դիմել ենք իրավապահ մարմիններին, սակայն, անարդյունք»,֊ասել է փաստաբանը:
Արմեն Քոլոյան, Պրահա