Մատչելիության հղումներ

Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են Պերմյակովի գործին


Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայողը ներկայումս հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության է ենթարկվում ռազմաբազայի հոսպիտալում:

Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը այսօր ասել է, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով հունվարի 12-ին Հայաստանի Գյումրի քաղաքում վեց մարդու է սպանել: Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նշենք, որ ռուսական աղբյուրի հաղորդագրությունում հավանաբար մոռացության է մատնվում վեցամսյա փոքրիկի սպանությունը, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում:

Հյուսիսկովկասյան զինվորական դատարանի դատական իրավասության տակ է գտնվում Ռուսաստանի Դաշնության 16 սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում տեղակայված ռուսական զորամասերում կատարված հանցագործությունների քննությունը: Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանի ենթակայության տակ են գտնվում 18 կայազորային դատարաններ:

Միխայիլ Պտիցինը ասել է․ - «Մոտ ապագայում մենք 10-11 աղմկահարույց գործ ենք սպասում: Տոներից հետո կսկսվի Պյատիգորսկի պայթյունի գործը, մեզ մոտ է նաև 2004-ի հոկտեմբերին Կարաչաևո-Չերքեզիայի կառավարության ղեկավարի տեղակալի սպանության գործը, շուտով Ղրիմից կստանանք «Հիզբ ուտ-Թահրիր ալ-Իսլամ» իսլամական ազատագրման կուսակցության գրոհայինների գործը, սպասում ենք ցմահ ազատազրկման դատապարտված Ալի Թազիևին վերաբերող նոր դրվագների գործին»:

Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են նաև Վալերի Պերմյակովի գործին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հաղորդելով, որ Պերմյակովը հիմա գտնվում է Գյումրիում ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG