Մատչելիության հղումներ

Ռուս պատգամավորներն առաջարկում են վերացնել ԵՄ-ից մթերքների ներկրման արգելքը


Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավորներ Դմիտրի Գուդկովը, Վալերի Զուբովը, Սերգեյ Դորոնինը և Միխայիլ Սերդյուկն առաջարկում են վերացնել Եվրամիության պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանի սահմանած արգելքը՝ մթերքների ներկրման վերաբերյալ:

Մինչդեռ նրանց գործընկեր Վլադիմիր Ժիրինովսկին նախագծով հանդես եկած պատգամավորներին համարել է դավաճան:

Ղրիմի բռնակցումից հետո Կրեմլը կանգնեց փաստի առջև. երբ Եվրամիությունը սահմանեց պատժամիջոցներ՝ հետզհետե ընդլայնելով ռուսաստանցի պաշտոնյաների «սև ցուցակները», Ռուսաստանն էլ ի պատասխան անցյալ տարվա ամռանն արգելեց Եվրամիության երկրներից ապրանքների ներկրումը:

Կրեմլի որոշումը չեղյալ համարելու պնդումներով հանդես եկող պատգամավորները բացատրում են, որ ապրանքների ներկրման արգելքը հակասում է Ռուսաստանի Սահմանադրությանը:

«Ռուսաստանի Սահմանադրությամբ երաշխավորված է օրենքով չարգելված տնտեսական գործունեությունը», - հիշեցնում են օրինագծի հեղինակները հիմնավորման իրենց տեքստում:

Նախագծի հեղինակներն անմտություն են որակում անցյալ տարվա ամռանը Կրեմլի ընդունած որոշումը, որի հետևանքով, ըստ նախագահ Պուտինի կողմնակիցների, ապահովում են տնտեսական և արտադրական անվտանգությունը:

Կրեմլի որոշմանը հետևել է գնաճը

Պատգամավորները վկայակոչում են Ռուսաստանի վիճակագրական վարչության տվյալները, ըստ որոնց՝ անցյալ տարի տեղական արտադրանքի գնաճը միջին հաշվով ավելին էր, քան 15 տոկոսը: Միայն թռչնի տեղական միսը թանկացել է 40 տոկոսով: Նախաձեռնության հեղինակները տեղին են համարում նաև հիշեցնել, թե Կրեմլի որոշումն ինչ աստիճանի է խառնել խաղաքարերը ռուսական տնտեսական շուկայում: Պետդումայի ներկայացուցիչները վկայակոչել են Ռուսաստանի դատախազության բացահայտումը, ըստ որի՝ որոշ ապրանքատեսակների ընդհուպ մինչև 6 անգամ թանկացում է գրանցվել:

Պատգամավորները, մասնավորապես, դժգոհել են ռուսաստանցիների նախընտրելի "Пармезан", "Фета", "Филадельфия" և "Моцарелла" պանիրների ներկրման արգելքից:

«Եվրոպայի ոսկին»՝ Սանկտ Պետերբուրգից

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը վերջերս հրապարակել էր հետաքննություն, ըստ որի՝ առավոտյան նախաճաշի յուրահատուկ ճաշակ ունեցող ռուսաստանցիները նախկինում Շվեդիայից ներկրվող Försa կարագը պետք է գնեն երկար մտածելուց հետո: Քանի որ շվեդական դրոշի գույներով աչքի ընկնող և շվեդական գրառումներ հիշեցնող պատկերներով փաթեթավորված թղթի մեջ իրականում, ըստ նույն փաթեթավորման մեկ այլ գրառման, Նովգորոդում արտադրված կարագն է:

Իսկ ահա դրա փոխարեն «Ամեն ինչ կդարձնի համեղ» գրառմամբ ռուսական "Кремлевское" կարագը, ըստ լրագրողի վկայության, իրականում ոչ միայն համեղ չի դարձնում ամեն ինչ, այլև պարզապես հիշեցնում է մարգարին:

«Ազատության» ռուսական ծառայության բացահայտումներից մեկն էլ այն է, որ, օրինակ, այսպես ասած իսպանական նրբերշիկները Ռուսաստանում արտադրում են Դոնի Ռոստովում: Իսկ Եվրամիության տարբերանշանը հիշեցնող աստղազարդ կապույտ փաթեթավորումը գնորդներին կարող է կատարյալ մոլորության մեջ գցել, եթե ուշադրություն չդարձնեն, որ դա իրականում ոչ թե "Золото Европы"՝ «Եվրոպայի ոսկին» հոլանդական ամենահայտնի պանիրներից Maasdam-ն է, այլ պարզապես մի ապրանք, որն արտադրվել է իր մշակութային ավանդույթներով հայտնի Սանկտ Պետերբուրգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG