Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում հետ են քաշում ծանր տեխնիկան


Ուկրաինան սկսում է ծանր զինտեխնիկայի հեռացումը սահմանագծից
please wait

No media source currently available

0:00 0:02:34 0:00

Ուկրաինայի պաշտպանության բանակի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է ծանր տեխնիկան հետ քաշելու մասին:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նշված է, որ փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր սկսվում է 100 միլիմետր տրամաչափով հրետանու հեռացումը սահմանագծից։ Այս գործընթացը կիրականացվի բացառապես ԵԱՀԿ դիտորդական խմբի վերահսկողության ներքո, նշված է հաղորդագրության մեջ։

NATO-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է հետ քաշի 1000 միավոր զինտեխնիկան Ուկրաինայից: Յենս Ստոլտենբերգը նաև ավելացրել է՝ անընդունելի կլինի, եթե ռուս անջատողականներն ընդարձակեն իրենց վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները:

Ստոլտենբերգն այսօր Հռոմում հայտարարել է, որ լավատես է և հույս է հայտնել, որ կիրագործվեն հրադադարի պահպանման վերաբերյալ համաձայնագրով ամրագրված պարտավորությունները:

Ծանր զինատեխնիկան հետ քաշելու վերաբերյալ ռուսական կողմը պնդումներ էր ներկայացրել երեկ:

Այս իրավիճակն, ըստ վերլուծաբանների, հավելյալ հույսեր է ներշնչում, որ երկու շաբաթ առաջ Բելառուսում ստորագրված փաստաթղթի համաձայն, ի վերջո կպահպանվի հրադադարը: Այդ պայմանավորվածությունից հետո, ըստ ուկրաինական աղբյուրների, ռուս անջատողականները հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտել են հատկապես Դեբալցևոյի շրջանում:

Երեկ, մասնավորապես, ծանր տեխնիկան հետ քաշելու վերաբերյալ ռուս անջատողականների հավաստիացումներից հետո ուկրաինական կողմը պնդել էր, որ ժամեր շարունակ գնդակոծվել է Պոպասնա գյուղը, բացի այդ՝ անջատողականները փորձել են գրոհել Շիրոկին գյուղը:

Քանի դեռ այս իրավիճակում վերլուծաբաններն ընդամենը հույսեր են կապում, որ Ուկրաինայում, ի վերջո, հնարավոր կլինի վերջնականապես դադարեցնել կրակը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փուլի փաթեթի մասին զգուշացմամբ: Քերրին, մասնավորապես, ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների համար երկրորդ փուլի ծրագրից բացի, հնարավոր է հավելյալ աջակցություն ցուցաբերվի Ուկրաինային:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին գնահատել է՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքներով բացահայտվում է Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մտադրությունը:

Լավրովի հայտարարությունից հետո հրապարակվեց տեղեկություն, ըստ որի՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարը պատրաստ է ԵԱՀԿ դիտորդներին հնարավորություն ընձեռել այցելել այն բնակավայրերը, որտեղից արդեն անջատողականները դուրս են բերել ծանր տեխնիկան: Նա նաև ավելացրել է, որ «Գրադ» համակարգը շփման գծից հետ կքաշեն վաղը՝ ժամը 9-ին, և լրագրողներին հրավիրել է այդ փաստն արձանագրելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG