Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը երեկ ուղղակիորեն կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերրին և նրա հետ մեկտեղ նաև նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ դադարեցնել Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Թուրքիայի քաղաքականությանը տուրք տալը:
«Որպես սենատոր Քերրի՝ դուք հետամուտ էիք լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այժմ 100-րդ տարելիցն է, և ես կհուսայի, որ դուք կցուցաբերեք քաջությունը, որով անձնապես հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը», - Քերրիին ասել է Շերմանը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պետքարտուղարի մասնակցությամբ լսումների ժամանակ:
Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն՝ այս հարցմանը, ինչպես նաև ամերիկահայությանը հուզող մի շարք այլ թեմաներով կոնգրեսական հանձնաժողովի անդամների հղած գրավոր հարցերին Քերրիի պատասխաններն ակնկալվում են առաջիկա շաբաթներին: