Կառավարությունը, հիշեցնենք, առաջարկում է փոփոխություն մտցնել «Շահութահարկի մասին» օրենքում և զգալիորեն իջեցնել ավելի քան 40 միլարդ դրամի ապրանք արտահանողներից գանձվող շահութահարկը:
Բուռն քննարկումներ հարուցած օրինագիծը Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանի խոսքով, քվեարկության կդրվի, հավանաբար, մարտի սկզբին՝ արտահերթ նիստում:
«Ինչո՞ւ եմ ասում մյուս շաբաթ: Որովհետև տարբեր բևեռացումներ են առաջացել, ես խնդրում եմ, նստեք, քննարկեք: Այս օրենքը վատ օրենք չէ: Ամբողջ մյուս շաբաթում կռվեք առանց խոսափողների, և կարծում եմ, համաձայնությունների կգաք», - ասաց Սահակյանը:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ քվեարկությունը հետաձգվեց զուտ տեխնիկական պատճառներով՝ դահլիճում ներկա չէին բավարար թվով ՀՀԿ-ական պատգամավորներ: Քոքոբելյանը առաջարկվող փոփոխությունները կոսմետիկ է համարում, քանի որ «չի վերացել վտանգը, որ արտահանումը կարող է մենաշնորհի վերածվել», և թե ում է տրվելու այդ մենաշնորհը, որոշելու է Կառավարությունը, ինչը «հղի է նոր կոռուպցիոն վտանգներով»:
«Կառավարության ներկայացուցիչը դա նշում է որպես առավելություն, բայց դա խիստ բացասական բան եմ ես համարում, որովհետև Կառավարության ֆիլտրացիան լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, և գործնականում ստացվում է, որ Կառավարությունն է որոշելու, թե ում թույլ տա, ում թույլ չտա», - հավելեց նա:
Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր») հայտարարեց, որ 48 ժամվա ընթացքում օրինագծի արդեն երրորդ տարբերակն է իրենց սեղանին դրվել՝ էական տարբերություններով․ - «Ստացվում է այնպես, որ մենք այս օրենքի նախագիծը կանոնակարգի խախտմամբ բերում ենք ինչ-որ անձի չափսերով․․․ Փոխանակ ընդհակառակը՝ այստեղ գերակա լինի օրենքը, և բոլորը ենթարկվեն օրենքին»:
Արդեն իսկ շրջանառվում են գործարարների անուններ, թե ում է տրվելու արտահանման մենաշնորհը: Նրանցից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է:
Վարդան Այվազյանը (ՀՀԿ) ասաց, թե կողջունի ցանկացած գործարարի, որը կկազմակերպի նման ծավալի արտահանում: