Այսօր գրող, թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 56 տարեկան։
Նա ծանր ու անբուժելի հիվանդությունից վախճանվեց երկու ամիս առաջ՝ իր հայրենի քաղաքը՝ Գյումրին պատուհասած մեծ երկրաշարժի հերթական տարելիցին՝ դեկտեմբերի 7-ին։
Սամվել Մկրտչյանը ամբողջ էության գյումրեցի էր, բայց ամբողջ էությամբ նաև անխզելիորեն կապված էր եվրոպական բարձրարվեստ գրականությանն ու մշակույթին։ Նա հայերեն է թարգմանել Շեքսպիր, Էլլիոթ, Սարոյան, Քիպլինգ, Ֆոլկներ, Բուկովսկի և այլ հեղինակներ։
Մկրտչյանի թարգմանությունների բարձրակետը Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսն» էր, որը բացառիկ իրադարձություն էր գրական-թարգմանչական ասպարեզում։
«Վերջին շրջանում մենք թարգմանիչ բառի ամբողջ միստերիան մոռացել ենք, մեր նախնիները դա գիտեին, սրբացնում էն, Թարգմանչաց տոն էին ստեղծում»,- ասում է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
«Սամվել Մկրտչյանի տեղը մեր մեծ թարգմանիչների անունների կողքին է։ Արել է գործեր, որոնք միայն ինքը կարող էր անել, ես նկատի ունեմ իր ինտելեկտուալ պաշարը, լեզվի իմացությունը և հայերենի հանդեպ վիթխարի ակնածանքն ու սերը։ «Ուլիսեսի» թարգմանությունը հետայսու մնալու է մեր թարգմանության դասական էջերից»,- հավելեց Հակոբ Մովսեսը։
Այսօր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվա կապակցությամբ նրա տան շքամուտքին հուշաքարի բացման արարողության ժամանակ նրա կնոջ՝ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այս տարվա «Արտասահմանյան գրականության» առաջին համարում զետեղված են նրա լավագույն համարները։
«Մենք աշխատեցինք «Արտասահմանյան գրականության այս տարվա առաջին համարում հավաքել Սամվելի լավագույն թարգմանությունների բացառիկ նմուշներ։ Ես առաջին անգամ եմ Սամվելի մահից հետո խոսում Սամվելի մասին, որովհետև Սամվելի մահով ես այնպիսի զգացողություն ունեմ, որ չկամ նաև ես։ Ինձ համար շատ դժվար է լինելու գտնելու ապրելու իմ մոտիվացիան Սամվելից հետո, և կարծում եմ, դա բոլորի համար հասկանալի է»,- ասաց Զոհրաբյանը։
Այսօր Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ներկայացված էին Սամվել Մկրտչյանի գրքերը՝ նրա թարգմանությունները և այն «Արտասահմանյան գրականություն» ամսագրի նոր համար, որտեղ զետեղված են նրա լավագույն գործերը։