Մատչելիության հղումներ

Նազարբաևի նախկին փեսայի մահը․ ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն


Դարիգա Նազարբաևա և Ռահաթ Ալիև, դեկտեմբեր, 2005թ․
Դարիգա Նազարբաևա և Ռահաթ Ալիև, դեկտեմբեր, 2005թ․

Նախագահի նախկին փեսան ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են․ վերջին 24 ժամերին սա Ղազախստանում թերևս ամենահաճախ հնչող հարցն է:

Այն սկսեց ակտիվորեն շրջանառվել, երբ հայտնի դարձավ, որ Վիեննայի բանտերից մեկում հայրենիք արտահանձնման մասին դատարանի որոշմանը սպասող Ռահաթ Ալիևը ինքնասպանություն է գործել:

«Մեզ համար հստակ է և միանշանակ` տեղի ունեցածն ինքնասպանություն է: Որևէ նշույլ անգամ չկա, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով: Նրա բանտախուց մտնելն այնքան էլ հեշտ չէր: Բացի այդ, դատաբժշկական փորձաքննությունից պարզ դարձավ, որ Ալիևի մարմնի վրա որևէ վնասվածք չկա», - նշում էր կալանավայրի տնօրեն Պետեր Պրեխտլը Ավստրիայի հանրային հեռոստատեսության եթերում:

Ղազախստանում, սակայն, շատերն են կասկածի տակ առնում Ալիևի մահվան պաշտոնական վարկածը: Նման թերահավատության պատճառը նախևառաջ Ալիևի անցած ուղին է` երկրի ամենահարուստ օլիգարխներից մեկից մինչև ընդդիմադիր վտարանդի:

Ռահաթ Ալիևը 24 տարի` 1983-2007 թվականներին Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստեր` Դարիգայի ամուսինն էր: Նազարբաևի նախագահ ընտրվելուց հետո երկրի թիվ մեկ փեսան մի շարք պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում ազգային անվտանգության համակարգում, տարիներ շարունակ Ղազախստանի նախագահի թիկնազորի պետի տեղակալն էր: 2005-ին նա անցավ դիվանագիտական ծառայության` զբաղեցնելով Ավստրիայում Ղազախստանի դեսպանի պաշտոնը: 2007-ին, սակայն, Ալիևին մեղադրեցին երկու ղազախ գործարարների սպանությունը կազմակերպելու մեջ, զրկեցին դիվանագիտական աստիճանից, Նազարբաևի դուստրն էլ միակողմանիորեն և արագացված կարգով ամուսնալուծվեց: Ղազախստանի ներքաղաքական անցուդարձին ծանոթ մարդիկ պնդում էին, որ նախագահի երբեմնի ամենակարող փեսայի անկման գլխավոր պատճառներից մեկը նրա նախագահական հավակնություններն էին:

Կյանքի վերջին տարիներին Ալիևը բնակվում էր Եվրոպայում և հանդես էր գալիս Նազարբաևի իշխանությանն ուղղված կոշտ քննադատությամբ: 2009-ին նա նույնիսկ նախկին աներոջ մասին պատմող գիրք հրատարակեց: Ալիևի հրապարակային ելույթներից ուրվագծվում է Նուրսուլթան Նազարբաևի միանգամայն նոր մի դիմանկար, որը շատ էր տարբերվում Ղազախստանի նախագահի հանրային իմիջից:

«Ես նրան տարբեր իրավիճակներում եմ տեսել: Լինում էին դեպքեր, երբ նա պարզապես նստած դողում էր, վախենում էր: Նման իրավիճակում ստիպված էինք լինում հանգստացնել Նազարբաևին: Նրա բոլոր խնդիրների պատճառը մեկն է` վախը: Նազարբաևը բոլոր սխալները գործում է վախից, երբ ինչ-որ մտավախությունների պատճառով հապշտապ, լավ չհաշվարկված որոշումներ է կայացնում», - իր վերջին հարցազրույցներից մեկում նշում էր Ալիևը:

Նազարբաևի նախկին փեսան ավստրիական բանտում էր 2014-ի հուլիսից: Ավստրիական ոստիկանությունը նրան ձերբակալել էր Ղազախստանի իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքների հիման վրա: Ակնկալվում էր, որ առաջիկա շաբաթներին Վիեննայի շրջանային դատարանը կորոշի` բավարարե՞լ, թե՞ ոչ ղազախական իշխանությունների` Ալիևի արտահանձնման մասին պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG