2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերի գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել։ Վերջին օրերին տուժողի իրավահաջորդները ծանուցագրեր են ստանում և հրավիրվոմ Հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես դեռևս անցած տարվա նոյեմբերին խոստացել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, զոհվածների գործերը քննվում են առանձին վարույթներով՝ նոր քննիչների կողմից։
Օրեր առաջ Հատուկ քննչական ծառայություն են կանչել մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին ու հարցաքննել նրան։ Նոր քննիչի արձանագրությունը մտորելու տեղիք է տվել Քլոյանին։
«Ես կարդացի, որ հատուկ միջոցների ոչ ճիշտ օգտագործելուց հետո տեղի է ունեցել զոհեր: Ստեղ հարց է առաջանում՝ եթե դուք չգիտեք, թե ովքեր են սպանել մեր երեխաներին, ապա ինչպես գիտեք, որ ներքին զորքերի ոստիկանությունը ճիշտ չի օգտագործել կամ անզգույշ է օգտագործել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քլոյանը:
Արդեն 7 տարի արդարադատության սպասող զոհվածների հարազատները նոր քննիչների ու առանձին վարույթներով գործերը քննելու գլխավոր դատախազի որոշմանը լուրջ չեն վերաբերվում։ Սարգիս Քլոյանն ընդգծում է՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաններ էլ տարբեր առիթներով հայտարարել են, որ «Մարտի 1»-ի էջը փակված է, հանցագործություններ էլ՝ բացահայտված։
Սարգիս Քլոյանի խոսքով, դատախազությունն այս կերպ մտահոգության իմիտացիա է ստեղծում, քանի որ իշխանությունը երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։
«Բոլոր գործերը բացահայտված են, ամեն ինչն էլ իրենք գիտեն՝ ովքեր են սպանողները, մեղավորները, հրաման տվողները», - ասաց Սարգիս Քլոյանը:
Հատուկ քննչական ծառայությունից ծանուցագրեր է ստացել նաև զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը։ Վերջինս, սակայն, հարցաքննության չի էլ հրավիրվել։ Ֆարմանյաննասում է, որ հարցաքննության կարիք ինքը չի տեսնում։ Որդեկորույս հոր խոսքով, եթե իրավապահները տարիներ շարունակ աչքաթող չանեին նախագահ Սերժ Սարգսյանի ասած չստուգված լուրերը, ապա այսօր պատկերը բոլորովին այլ կլիներ։
«Նույն սցենարն է: Ինչ փոխվի, չփոխվի, հո «Մարտի 1»-ը չի՞ փոխվելու: Խփել են, սպանել են․․․ Բացահայտվի իմանանք՝ ով է արել, ինչի են խփել, կա էդ իրավունքը ո՞վ էր իրանց տվել, որ իմ տղի կյանքը խլեին 33 տարեկանում», - պատմեց Վաչագան Ֆարմանյանը:
Չնայած գլխավոր դատախազը խոստացել էր, որ բոլոր գործերը կքննվեն առանձին վարույթներով, տուժողի իրավահաջորդներից ոչ բոլորն են ստացել ծանուցագրեր։ Զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ որևէ ծանուցում չի ստացել։
Մի քանի օրից կլրանա մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհված 10 քաղաքացիների մահվան 7-րդ տարին։ Իշխանությունից թեև ակնկալիքներ հարազատները չունեն, սակայն առաջիկայում կրկին կփորձեն հանդիպել Գևորգ Կոստանյանի հետ՝ նրան հիշեցնելու իր խոստման մասին․ - «Ո՞ւր է Ձեր տված տղամարդավարի խոսքը: Դուք ասել եք, որ սայլը տեղից կշարժվի»: