Մատչելիության հղումներ

ԼՂ-ում կստեղծվի «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»


Լուսանկարը՝ ԼՂ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ԼՂ կառավարության լրատվականի

Այսօրվա նիստում Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հավանություն է տվել «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» ստեղծելու մասին որոշման նախագծին:

ԼՂ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որի պետական կառավարման լիազոր մարմինը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով` հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապես, արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար:

Կառավարության որոշմամբ, պահուստային ֆոնդի միջոցներից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 62 հազար դոլարին համարժեք դրամ` ղարաբաղյան մեծ հարսանիքի 19 զույգերին 19 երեխայի հաշվով միանվագ գումարներ տրամադրելու նպատակով:

Գործադիրի որոշմամբ՝ անվանափոխվել են ԼՂ Քաշաթաղի և Շահումյանի շրջանների 26 համայնքների աշխարհագրական օբյեկտների անվանումները` «օտարահունչ և ոչ բարեհունչ անուններից ձերբազատվելու և պատմական անվանումները վերականգնելու պահանջից ելնելով»:

Որոշվել է նաև Կառավարության հավանությանն արժանացած՝ կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության միջոցառումների այս տարվա ծրագրի իրագործման համար պետական բյուջեից հատկացնել 6 միլիոն դրամ: Հիմնականում աշխատանքներ կտարվեն Մատաղիսի և Սարսանգի ջրամբարներում հատուկ ձկնատեսակի բազմացման ուղղությամբ:

Ղարաբաղում 2015 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով այդ աշխատանքներում ներգրավվել են պետական կառավարման որոշ մարմիններ: Կառավարության որոշմամբ՝ հաստատվել են համապետական, Ստեփանակերտ քաղաքի և շրջանային հանձնաժողովների կազմերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG