Բրյուսելը ընթացիկ տարում Աշգաբատի և Բաքվի հետ համաձայնագիր կստորագրի Եվրոպայի գազամատակարարման կայունությունն ամրապնդելու նպատակով: Այս մասին հղում անելով իր աղբյուրներին գրում է գերմանական Spiegel Online-ը:
Լուծելով Եվրոպային մատակարարվող գազի աղբյուրների դիվերսիֆիկացման խնդիրը՝ Եվրահանձնաժողովը պատրաստ է պայմանագիր կնքել այնպիսի երկրների հետ, ինչպիսին Ադրբեջանն ու Թուրքմենստանն են:
Գերմանական պարբերականն այս տեղեկատվությունը հրապարակել է՝ վկայակոչելով Եվրամիության Էներգետիկ միության համար պատրաստված երկու փաստաթղթեր: Միությունն առաջիկայում կկարգավորի համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ Պարբերականը, այդուհանդերձ, նման քաղաքական որոշումը համարում է կասկածելի:
Համաձայն այդ փաստաթղթերի՝ ընթացիկ տարում Եվրամիությունը մտադիր է փոխըմբռնման հուշագրեր ստորագրել Բաքվի և Աշգաբատի հետ, որոնք պետք է դառնան Եվրոպան բնական գազով ապահովելու «կայունության» ամրապնդման փաթեթի մի մասը։ Եվրամիությունը ցանկություն ունի այդ փաթեթը մշակել մինչև 2016 թվականը։
«Եվրամիությունը կօգտագործի բոլոր արտաքին քաղաքական գործիքները՝ արտադրող և տարանցիկ երկրների հետ էներգետիկ ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու համար», - գրում է գերմանական պարբերականը։
Այդ երկրների թվին են դասվում Ալժիրը, Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը, Մերձավոր Արևելքի և աֆրիկյան մի քանի երկրներ։ Նախագիծը նաև ենթադրում է Նորվեգիայի, Միացյալ Նահանգների և Կանադայի հետ առավել սերտ համագործակցություն:
Ինչպես նշում է թերթը, թվարկված երկրներից մի քանիսը բավական կասկածելի են:
Թուրքմենստանը աշխարհում ամենաշատ գազի պահուստներ ունեցող երկերներից է, միևնույն ժամանակ՝ երկրում բռնապետական ռեժիմ է, իսկ համաձայն Transparency International միջազգային կազմակերպության՝ Թուրքմենստանը աշխարհի ամենակոռումպացված տասը երկրներից մեկն է:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրն էլ մամուլի ազատության սանդղակում 180 երկրների ցանկում 162-րդ հորիզոնականում է, գրում է գերմանական պարբերականը՝ մատնանշելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ուսումնասիրության արդյունքները:
Այս փաստաթղթի ավելի վաղ մշակված տարբերակում հիշատակում կար նաև Իրանի հետ ռազմավարական համագործակցության մասին, սակայն այդ պարբերությունը այնուհետև հանվել է փաստաթղթից:
The Financial Times-ի տվյալների համաձայն` Ռուսաստանից գազի 100-տոկոսանոց անկախություն ունեն Ֆինլանդիան և մերձբալթյան երեք երկրները, Բուլղարիա, Սլովակիա և Հունգարիա ներկրվող ռուսական գազին բաժին է ընկնում 80-90 տոկոս, Սլովենիա, Չեխիա, Հունաստան, Ավստրիա ներմուծվող գազի ծավալում ռուսական գազը կազմում է շուրջ 60 տոկոս, Գերմանիայում՝ 40 տոկոսից մի քիչ պակաս, իսկ Իտալիայում և Ֆրանսիայում՝ 20-30 տոկոս: