Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Հարավային Օսիան պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրեցին


Ռուսաստանի և Հարավային Օսիայի ԱԳ նախարարները պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, Մոսկվա, 18-ը փետրվարի, 2015թ․
Ռուսաստանի և Հարավային Օսիայի ԱԳ նախարարները պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, Մոսկվա, 18-ը փետրվարի, 2015թ․

Փաստաթուղթը, ըստ Սերգեյ Լավրովի, «թույլ կտա վերջ տալ տարատեսակ շահարկումներին»: Թբիլիսին, սակայն, խստորեն քննադատում է պայմանագիրը:

Ռուսաստանն ու Հարավային Օսիան «Պետական սահմանի մասին» պայմանագիր ստորագրելով ցանկանում են միջազգային հանրությանն ապացուցել, որ Ցխինվալիի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են իրավահավասարության վրա: Երեկ Մոսկվայում ռուս - հարավօսական սահմանագիծը հստակեցնող պայմանագրի ստորագրումից հետո այս մասին հայտարարում էին թե՛ ինքնահռչակ հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Սանակոևը և թե՛ նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը:

«Այսօր մենք նոր մի կարևոր քայլ կատարեցինք մեր հարաբերությունների ձևակերպման ուղղությամբ` ստորագրեցինք պետական սահմանի մասին պայմանագիրը: Այն թույլ կտա վերջ տալ տարատեսակ շահարկումներին, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում մեր երկկողմ հարաբերությունները», - հայտարարեց Լավրովը:

Սանակոևի խոսքից ևս կարող էր տպավորություն ստեղծվել, որ կնքված պայմանագրի հիմնական իմաստը ոչ այնքան իրավական, որքան քարոզչական հարթությունում է:

«Այն բոլոր մարդիկ, ովքեր ասում են, թե Ռուսաստանը փորձում է բռնակցել Հարավային Օսիան կամ ինչ-որ այլ կերպ ներքաշել մեզ իր կազմի մեջ, պայմանագրի ստորագրումից հետո պետք է վերջ տան այդ պնդումներին: Պայմանագրով հստակեցվում է մեր պետական սահմանը», - նշում էր Հարավային Օսիայի արտգործնախարարը:

Հարկ է նկատել, սակայն, որ չնայած պետական սահմանի մասին պայմանագրի կնքմանը՝ Մոսկվան և Ցխինվալին չեն դադարեցնում դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագրի շուրջ քննարկումները: «Սերտ ինտեգրում նախատեսող այս պայմանագրի տեքստը այժմ քննարկման փուլում է», - երեկ նշում էր Սերգեյ Լավրովը:

Բնական է, որ երեկ կնքված պայմանագիրը խստորեն քննադատեցին Վրաստանի իշխանությունները, որոնք շարունակում են պնդել` գոյություն ունի ոչ թե ռուս - հարավօսական պետական սահման, այլ ռուս - վրացական սահմանի մի հատված, որ չի վերահսկվում պաշտոնական Թբիլիսիի կողմից:

«Այս պայմանագիրը որևէ իրավական ուժ չունի: Այն խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը: Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը, և մենք ակնկալում ենք, որ Մոսկվայի այս քայլին կհետևի միջազգային հանրության համարժեք արձագանքը», - պայմանագրի ստորագրումից մի քանի ժամ անց հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG