Մատչելիության հղումներ

Գիրք նվիրելու օրն արդեն ավանդույթ է դարձել


Մկրտիչ Կարապետյանը (ձ), Ռուզան Տոնոյանը (կ) և Էմին Մկրտչյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը:
Մկրտիչ Կարապետյանը (ձ), Ռուզան Տոնոյանը (կ) և Էմին Մկրտչյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը:

Տարիներ առաջ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը հայտարարվել է Գիրք նվիրելու օր: Եվ նույն օրը մեկնարկում է ամենամյա Գրքի տոնավաճառը:

Այն անցկացվում է Խնկո ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի ջանքերով և Հայաստանում գործող գրեթե բոլոր հրատարակչությունների մասնակցությամբ: Երեք օր շարունակ գրադարանի շենքում ու դրան հարող տարածքում ցուցադրվում ու վաճառվում են վերջին տարիներին տպագրած գրքերը:

Լրագրողներին այսօր ասուլիսի էին հրավիրել Ռուզան Տոնոյանը, «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը և «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը: Նրանք հավաստիացրին, որ Թումանյանի ծննդյան օրը Գիրք նվիրելու օր հռչակելը մեծապես ամրապնդել է գիրք - ընթերցող կապը, նպաստել է ընթերցողների շրջանում գրքի նկատմամբ կրկին հետաքրքրություն է առաջացնելուն:

«Անշուշտ նպաստեց», - ասաց Տոնոյանը: - «Եթե չնպաստեր, մենք տասնմեկերորդ տարին տոնավաճառը չէինք կազմակերպի»:

Մկրտիչ Կարապետյանը հավալեց․ - «Ոչ միայն նպաստեց, այլ շատ լավ երևույթ է մեր հասարակության համար այս օրը՝ գիրք նվիրելու օրը: Շատ լավ կլիներ, որ մեր պետությունը գրքին նվիրված այս տիպի միջոցառումներ շատ կազմակերպեր»:

««Զանգակը» վերջին տարիներին գիրք նվիրելու օրը վերածեց գիրք նվիրելու տոնի, մեկամսյակի», - ասաց Էմին Մկրտչյանը:

Տոնավաճառի ընթացքում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ՝ նոր գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, կինոդիտումներ, հանդիպումներ գրողների հետ:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ գրողների հետ հանդիպումներ են նախատեսված մեկ տասնյակից ավելի դպրոցներում: Հանդիպումների ընթացքում հեղինակներն իրենց գրքերը կնվիրեն դպրոցական գրադարաններին:

Միլիտոնյանն ասաց, թե երազում է, որ պետությունների մեջ բարձր լինի մշակույթի, գրականության դերը․ - «Արժեհամակարգի վերին հարթակում լինի հոգևոր սանդղակը, որովհետև, երբ նրա տեղը գրավում է փողը, չգիտեմ ինչը, բնականաբար ծնվում են հազար ու մի կոնֆլիկտներ, որոնք ստորադասելու են գիրը, ընթերցանությունը, մշակույթի մարդուն, գրողին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG