Ամերիկահայ գրող և լրագրող Մելինե Թումանին որոշել է այլ կերպ մոտենալ հայ-թուրքական հարաբերություններին և Ցեղասպանության հարցին: Հայ-թուրքական հարաբերությունների մասին իր խոհերը Թումանին ներկայացրել է վերջերս հրապարակված «Կար-չկար» գրքում:
Ցեղասպանության ճանաչման մասին խոսելու փոխարեն նա որոշել է գործել՝ տեղափոխվել է Թուրքիա և փորձել շարքային թուրքերին ներկայացնել իր՝ հայի խոհերն ու զգացմունքները:
«Երբ դեռ նոր էի սկսում գրքի վրա աշխատանքները, անչափ լավատես էի. կարծում էի, թե անձնական մակարդակով թուրքերի հետ խոսելով՝ կարող եմ իրենց հասանելի դարձնել հայի տեսակետը ցեղասպանության վերաբերյալ, ու կարծում էի, թե կարող եմ ներկայացնել պատմությունները հայի տեսանկյունից», - ասում է նա:
Գրքի վրա աշխատանքները սկսելուց երկու տարի անց, սակայն, սպանվեց Հրանտ Դինքը՝ մի մարդ, որը Թումանիի խոսքերով խորհրդանշում էր հայ-թուրքական հաշտեցման իր գաղափարները:
Թուրքիայում ապրելու փորձը շատ ավելի բարդ էր ամերիկահայ ստեղծագործողի համար, քան նա կարող էր պատկերացնել. անհամեմատ ավելի մեծ էր անհանդուրժողականությունը նրա նկատմամբ` որպես հայի: Այնուամենայնիվ, թուրք հասարակությունն այսօր լուրջ փոփոխությունների է ենթարկվում, ինչն ապագայում հայ-թուրքական հաշտեցման հույս է ներշնչում:
«Իշխանությանը չպատկանող մարդիկ ավելի բաց են տարբեր տեսակետներ լսելու հարցում, լրագրողներն ու մտավորականներն էլ անում են այն, ինչ չէին անի 5 կամ 10 տարի առաջ: Նրանք իրենց թույլ են տալիս բաց խոսել ցեղասպանության մասին` օգտագործելով ցեղասպանություն բառը», - ասում է Մելինե Թումանին:
Թեև նրա գիրքը դեռևս հայերեն չի թարգմանվել, սակայն հայ ընթերցողը դրա մեջ անշուշտ կգտնի ցանկացած հայի հուզող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև՝ անսպասելի ավարտ: