Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը այսօր հերքեց լուրերն այն մասին, թե «Բարգավաճ Հայաստանի» անդամ Բալասանյանը դուրս է եկել կուսակցությունից: Նշենք, որ այս լուրերը սկսեցին շրջանառվել այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավորները մեկը մյուսի հետևից կուսակցությունը լքելու դիմումներ ներկայացրին:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» Ազգային Ժողովի ընտրություններում Գյումրիում տպավորիչ հաղթանակ էր տարել՝ ստանալով Հանրապետականից գրեթե երկու անգամ ավելի շատ ձայն: Շիրակի մարզի մեծամասնական 4 մանդատից 3 -ը բաժին էր հասել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությանը:
Առայժմ չեն հաստատվում նաև տեղեկությունները՝ Մարալիկից բարգավաճականներին բերման ենթարկելու մասին:
Այսօր ԲՀԿ Շիրակի մարզի թիվ 34 տարածքային գրասենյակի խորհրդի քարտուղար Աղասի Աբրահամյանն «Ազատությանն» ասաց, թե այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
«Մարալիկի Արտակի համար են ասել, ես առավոտը զանգել եմ՝ սուտ է, ապատեղեկատվություն է», - ասաց Աղասի Աբրահամյանը:
Հարցին, թե կան արդյոք ճնշումներ շիրակցի այլ բարգավաճականների նկատմամբ, Աբրահամյանն արձագանքեց․ - «Անկեղծ ասած, հոգեբանորեն պատրաստ ենք ամեն ինչի, բայց դեռևս հալածանքները չենք զգում, գուցե դավեր են նյութում, բայց առարկայորեն չենք զգում, լավ է, որ չկա»:
Հարցին, թե կան արդյոք կուսակցության շարքերը լքելու դիմումնե՞ր, ԲՀԿ տարածքային գրասենյակի խորհրդի քարտուղարն պատասխանեց․ - «34 ընտրատարածքում առնետներ չեն եղել, առնետավազքը լինում է այն պարագայում երբ լինում են առնետներ»:
Աղասի Աբրահամյանն ասաց, որ այս պահին գրասենյակը իր աշխատանքային գործունեությամբ է զբաղված և նախապատրաստվում են փետրվարի 20-ի հանրահավաքին: