Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինված ուժերը և անջատականները հետ չեն քաշում ծանր տեխնիկան


Ուկրաինայում կողմերը դուրս չեն բերում ծանր զրահատեխնիկան շփման գծից
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության ավագ դիտորդի տեղակալն ասել է, որ հրադադարը հիմնականում պահպանվում է` բացառությամբ Դեբալցևո բնակավայրի։

Ուկրաինայի զինված ուժերը և ռուս անջատականների ստորաբաժանումները հետ չեն քաշում ծանր զինատեսակները, թեև համաձայն Մինսկի պայմանավորվածության, կողմերը պետք է այսօրվանից սկսեին հետ քաշել հրետանին և հրթիռային կայանքները։

Կիևը հաղորդում է, որ անջատականները գիշերվա ընթացքում առնվազն 15 գրոհի են ենթարկել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դեբալցևո ավանը։ Անցած 24 ժամում զոհվել է 5 ուկրաինացի զինծառայող, մոտ երկու տասնյակ զինծառայող վիրավորվել է։

Ռուս անջատականներն էլ իրենց հերթին ասում են, որ անցած 24 ժամում ուկրաինական բանակը հրադադարի ռեժիմը խախտել է 17 անգամ։

Բեռլինը հայտարարել է, որ ռուս-ուկրաինա-գերմանական պայմանավորվածության համաձայն, «պետք է ձեռնարկվեն Արևելյան Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման վիճակը դիտարկելու համար ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին պատկան պայմաններ ապահովելու միջոցներ»։

Ամերիկայի Միացյալ Նահանգները խիստ մտահոգություն է հայտնել Դերբալցևո ավանի շուրջ շարունակվող մարտերի կապակցությամբ։ Փետրվարի 16-ին պետական դեպարտամենտը հրապարակել է հայտարարություն, որով Ռուսաստանին և ռուս անջատականներին կոչ է արել «անհապաղ դադարեցնել գրոհները և ԵԱՀԿ-ի դիտորդների հետ համագործակցությամբ իրականացնել հրադադարի հաստատումը»։

Ռուս անջատականները նախօրեին ասել են, որ իրենք մտադիր չեն հրադադարը պահպանել Դեբալցևոյի շրջանում։ Դեբալցևոն գտնվում է Դոնեցկը և Լուգանսկը կապող ճանապարհին։ Ավանում ուկրաինական բանակի ստորաբաժանումներ են, Կիևը պնդում է, որ այս պահին էլ գործում է ավանը զենքով ու զինամթերքով ապահովելու ճանապարհը, մինչդեռ, ռուսների պնդմամբ, ավանն ամբողջությամբ շրջափակված է։

Անջատականները պահանջում են ուկրաինացիներից վայր դնել զենքը և հեռանալ Դեբալցևոյից, խոստանալով դրա համար մարդասիրական միջանց բացել։ Ուկրաինական կողմը մերժել է առաջարկը, հայտարարելով, որ Դեբալցևոն շրջափակման մեջ չէ, հետևաբար, այդ ավանի վերաբերյալ նույնպես պետք է գործի հրադադարի ռեժիմն ու ծանր տեխնիկան հետ քաշելու որոշումը։

Երեկ Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Պետրո Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով Դեբալցևոյի հարցը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կոչ արել ԵԱՀԿ-ի դիտորդներին ապահովել այդ շրջան մուտք գործելու պայմաններ։

Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ-ի հատուկ առաքելության ավագ դիտորդի տեղակալ Ալեքսանդր Հագը երեկ ասել է, որ հրադադարը հիմնականում պահպանվում է` բացառությամբ Դեբալցևո բնակավայրի։

«Դեբալցևոյի վերաբերյալ մենք ստանում ենք հաղորդագրություններ և գանգատներ հրետակոծությունների և հրաձգության մասին։ Շատ կարևոր է, որ մենք ստանանք Դեբալցևո տեղափոխվելու հնարավորություն»,- ասել է Հագը։

ԵԱՀԿ-ի դիտորդական խմբի ղեկավարի տեղակալը նաև պնդել է, որ հրադադարը պետք է լինի ամբողջական և համապատասխան Մինսկի պայմանավորվածության, այլ ոչ թե մասնակի, կամ ինչ-ինչ նախապայմաններով։

Այսօր հրադադարի ռեժիմի խախտումների մասին խոսել է Ուկրաինայի զինված ուժերի մամլո վարչության պատասխանատու Անդրի Լիսենկոն։

«Ռուս անջատականները և Ռուսաստանի զինծառայողները շարունակում են Դեբալցևոյի և ռազմավարական նշանակության այլ թիրախների լայնածավալ հրետակոծությունը, նրանք հարձակվել են հակաահաբեկչական գործողությունն իրականացնող դասակի վրա, մեր ուժերը հայտնվել են ԳՐԱԴ կայանքների կրակի տակ»,- հաղորդել է Լիսենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG