Մատչելիության հղումներ

Կուրսանտի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, դասակի հրամանատար Արտյոմ Ավետիսյանին։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Ավետիսյանը, ականատես լինելով իր ենթակա անձնակազմի կուրսանտներ Հայկազ Բարսեղյանի և Արշակ Մարտիրոսյանի վիճաբանությանը, փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումներին, միջոցներ չի ձեռնարկել` վիճաբանությունը կանխելու ուղղությամբ, չի պարզել դրդապատճառները և չի զեկուցել ըստ ենթակայության, որով էական վնաս է հասցրել զինվորական ծառայության շահերին»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին Երևանում տեղակայված զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք էառաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG