Ավետիսյանների ընտանիքի սպանդից մեկ ամիս է անցել, ըստ էության՝ հասարակությանն ու Ավետիսյանների հարազատներին հուզող հարցերին որևէ պատասխան դեռ չի տրվել: Շաբաթ օրը տուժողի իրավահաջորդ ճանաչված Ավետիսյանների հարազատները Գյումրիում հանդիպեցին իրենց շահերը ներկայացնող փաստաբան Երեմ Սարգսյանի հետ:
Ավետիսյանների հարազատները վերահաստատեցին իրենց պահանջը՝ մեղադրյալը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահներին:
«Եթե Հայաստանի Հանրապետությունում է տվյալ սպանդը տեղի ունեցել, ինչու պետք է մեր Հայաստանի Հանրապետությունում չդատվի: Եթե ինքը հանցագործ է, ինչ գործ ունի ռազմաբազայի ներսում՝ հանցագործը պետք է լինի կալանավայրում», - ասաց, մասնավորապես, նրանցից մեկը:
Հարազատների կարծիքով՝ Պերմյակովը միայնակ ու միաժամանակ վեց հոգու, այն էլ՝ տան տարբեր սենյակներում գտնվող, չէր կարող սպանել:
«Մենք միշտ մտածում ենք, որ դա մի հոգու բան չէ, որովհետև էդ վեց-յոթ հոգանոց տունը, չորս-հինգ հոգին մեծ, հասուն մարդիկ են եղել, եթե մի սենյակից ինքը սկսեր մեկին կրակել, գոնե մի երկուսը կպաշտպանվեին, կարող է երեքը սպանվեին, չորսը, բայց ոչ վեցը: Վերջին սենյակում կարող էր դուռը փակել, հեռախոսները կողքը․․․ բայց ոչ մի բան չեղավ», - ընդգծեց Ավետիսյանների մեկ այլ հարազատ:
Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ իր կողմից քննչական մարմնին ներկայացված միջնորդությունները բավարարվել են: Փաստաբանն ասաց, որ բոլոր, նույնիսկ անհավանական համարվող վարկածները քննարկվում են: Շաբաթ օրը լինելու էին նաև դեպքի վայրում, տեղում փորձելու էին որոշ հարցերի պատասխաններ գտնել:
Սարգսյանը մի հայտարարություն արեց՝ համաձայնեցված իր վստահորդների հետ, որ եթե նույնիսկ ռուսական կողմը դատի Ավետիսյանների սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, իրենք պահանջելու են, որ դատավարությունը հայերեն լեզվով անցկացվի: «Մեր երկրում կատարված հանցագործություն, տուժող կողմը հանդիսանում են մեր քաղաքացիները, և մենք կմասնակցենք մեր մայրենի լեզվով, իսկ եթե անհրաժեշտություն կա, ըստ էության, դրա անհրաժեշտությունը հաստատ կլինի իրենց համար, թարգմանիչներ կներգրավեն, եթե կլինի գործը ռուսական կողմի քննությամբ կամ մենք կմասնակցենք այդ վարույթին», - ասաց փաստաբանը:
Գործի նյութերի այն ծավալին որ ծանոթացել է փաստաբանը, ի՞նչ կարծիքի է՝ արդյոք ռուսական կողմը թո՞ւյլ է տվել, որ հայաստանցի իրավապահները առանց սահմանափակումների գործը քննեն՝ այս առնչությամբ Երեմ Սարգսյանը ասաց․ - «Կոնկրետ չգիտեմ՝ իրականում ինչ է կատարվում իրենց մեջ, այն ծավալը, որը ես ծանոթացել եմ նյութերին, դա չի կարող ինձ թույլ տալ, որ ես նման ինչ-որ հայտարարություն անեմ, բայց որպես մասնագետ կարող եմ ասել, որ ամեն դեպքում որոշակի խոչընդոտներ կլինեն: Որովհետև չի կարող էնպես լինի, որ Պերմյակովը չլինի հայկական կողմի տրամադրության տակ, ու տարբերություն չլինի՝ նա էստեղ է, թե էնտեղ»:
Ի վերջո, Պերմյակովին տարե՞լ են դեպքի վայր, թե՞ ոչ՝ այս կապակցությամբ էլ փաստաբանը ասաց․ - «Այդ տեղեկությունը պաշտոնապես չգիտեմ, որքանով որ գիտեմ զուտ իմ հնարավորություններով, որ անձանց հետ խոսում եմ, շփվում եմ՝ ոչ»:
Հարցին էլ՝ արդյո՞ք ռուսական կողմին կդիմեն, որ Ավետիսյանները ճանաչվեն ու ընդգրկվեն որպես տուժողի իրավահաջորդ, Սարգսյանը արձագանքեց․ - «Այս փուլում, այս պահին բոլորս միասնական գտանք, որ դեռևս նպատակահարմար չենք գտնում, համենայն դեպս՝ չենք էլ ուզում դիմենք, որովհետև գտնում ենք, որ ռուսական կողմը, ըստ էության, անօրինական է իրենց կողմից այդ գործի քննությունը, այդ գործի քննությունը պետք է իրականացնի միմիայն հայկական կողմը՝ սպանության մասով, հետևաբար՝ մենք հենց էդ նկատառումներից ելնելով չենք դիմում իրենց և պահանջում ենք, որպեսզի գործը փոխանցվի հայկական կողմին, հայկական կողմը իրականացնի արդարադատություն»:
Ինչ վերաբերում է АК ինքնաձիգի արձակած կրակոցների ձայնը լսել-չլսելուն կամ խլացուցիչ օգտագործելու վարկածին՝ Երեմ Սարգսյանը ասաց․ - «Գուցե մարդիկ կան, որ լսել են՝ չեն ասել, մենք այդ պահն էլ հիմա չգիտենք, կամ գուցե նախաքննական մարմնին ավելի շատ մարդիկ են ասել, որ լսել են: Օրինակ, իմ մոտ հարց է առաջանում, թե ինչի են ասում այս պահին՝ խլացուցիչի վերաբերյալ հարց առաջադրելու հիմքեր իրենք չեն տեսել: Այսինքն՝ սա արդեն իսկ փորձում է հուշել, որ, այնուամենայնիվ, նախաքննության ինչ-որ տվյալ կա, որ ինչ-որ մարդ լսել է»:
Ռուսական կողմին ևս փաստաբանը պատրաստվում է մի շարք հարցումներ ուղարկել՝ կապված Պերմյակովի հետ:
Շահնազարյանը համոզված է՝ Պերմյակովին չեն էլ դատի
Ի դեպ, այսօր նաև հանրային քննարկում էր Գյումրիում կազմակերպվել Ավետիսյանների ընտանիքի սպանության հնարավոր վարկածների, Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու իրավական լուծումներ գտնելու առումով: Հավաքվածները միակարծիք էին, որ մեղադրյալն անօրինական է պահվում ռուսական ռազմաբազայում:
Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ Պերմյակովին չեն էլ դատի:
«Ռուսաստանի հատուկ ծառայությունները հիմա նստած գլուխ են կոտրում, որպեսզի մոտիվը՝ շարժառիթ գտնեն: Չեն գտնելու: Եվ լավ հասկանալով այս ամենը, շատ մեծ հավանականությամբ, պաշտոնապես մատուցվելու է հոգեկան հիվանդ լինելու կանխավարկածը՝ որպես պաշտոնական քննության տեսակետ: Այդ դեպքում, իհարկե, շատ լավ գիտեք, որ նախաքննությունը դադարեցվում է, նման մեղադրյալին դատել չի կարելի, ըստ էության՝ բոլոր այդ կետերը Ռուսաստանը կստացվի, որ չի խախտում՝ ինքը ոչ դատավարություն է անցկացնում, ոչ էլ այլ բան», - հայտարարեց Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի գլխավոր դատախազին Հայաստանի գլխավոր դատախազի հղած նամակի բովանդակությանը, որն այդպես էլ անհասանելի մնաց, ապա այն հրապարակելու պահանջով «Իրազեկ քաղաքացիների միավորումն» արդեն իսկ դիմել է Վարչական դատարան:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ եթե Գևորգ Կոստանյանի դիմումը Յուրի Չայկան մերժի, ապա ըստ օրենքի հայկական կողմն արդեն պարտավոր է իր ձեռքի տակ եղած նյութերը փոխանցել ռուսական կողմին:
Քննարկման մասնակիցները նաև Հայաստանի իշխանություններից պահանջեցին հստակ երաշխիքներ, որ նման դեպքերը բացառվեն:
Քննարկման արդյունքներով ուղերձ է հրապարակվելու՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: