Այս օրերին կայացած ծանրամարտի մեծահասակների առաջնության արդյունքում հայտնի դարձան կանանց և տղամարդկանց Հայաստանի չեմպիոնները:
Կանանց պայքարում մրցում էր 27 մարզուհի 7 քաշային կարգերի մեդալների հավաքածուների համար: Առաջնությանը չմասնակցեց 69 կիլոգրամ քաշային Մելինե Դալուզյանը, ով դեռ չի վերականգնվել ձեռքի վնասվածքից: 48 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Էլեն Գրիգորյանը: 58 կիլոգրամ քաշային կարգում հաղթողը Շուշան Հակոբյանն է: 63 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Իզաբելլա Յայլյանը, 69-ում՝ Սոնա Պողոսյանը, 75-ում՝ Արևիկ Պապիկյանը: 75+ կիլոգրամ քաշային կարգի ֆավորիտ՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը կարողացավ պահպանել առաջատարի իր դիրքը՝ երկամարտում արձանագրելով 235 կիլոգրամ արդունք:
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի 77 կիլոգրամ քաշային կարգի ծանրորդներ աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը և Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը չմասնակցեցին երկրի առաջնությանը․ Մարտիրոսյանը դեռ նոր է ապաքինվել վնասվածքից, իսկ Միրզոյանը ցանկություն էր հայտնել չմասնակցել: Ինչպես նշեց տղամարդկանց Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մարտին հատուկ ստուգատես կանցկացվի այս քաշային կարգի երեք ուժեղագույն ծանրորդների՝ Տիգրան Մարտիրոսյանի, Առաքել Միրզոյանի և Անդրանիկ Կարապետյանի համար, որի արդյունքում էլ կորոշվի, թե ով ապրիլին Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությունում կներկայացնի Հայաստանը:
Տղամարդկանց պայքարի մրցումային օրերին անակնկալներ չգրանցվեցին: 56 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Դավիթ Դավայանը, 62-ում՝ Սմբատ Մարգարյանը, 69-ում՝ Վանիկ Ավետիսյանը, իսկ 77-ում՝ Ժորժ Եղիկյանը: 85 կիլոգրամ քաշային կարգի ֆավորիտ Աղասի Աղասյանը ևս հաղթեց, 94 կիլոգրամ քաշային կարգի չեմպիոնը Մկրտիչ Մկրտչյանն է: Գերծանր՝ 105 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը, իսկ 105+ քաշային կարգի չեմպիոնը Սիմոն Մարտիրոսյանն է:
Առաջնության արդյունքում ձևավորված Հայաստանի հավաքականը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ նոյեմբերին՝ ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է ծանրորդների համար: