Մատչելիության հղումներ

Կուրսանտի սպանության հետ կապված՝ Ռազմական ինստիտուտի սպա է ձերբակալվել


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը Երևանում
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը Երևանում

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել սպայական աձնակազմի կողմից դրսևորված անգործության վերաբերյալ:

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել», որի շրջանակում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով երեկ ձերբակալվել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 29-ին ժամը 6:35-ի սահմաններում Երևանում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG