Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը 6.5 ամիս թաքնվում է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանատանը: Անցյալ տարվա օգոստոսին Շվեյցարիայի դեսպանատունը, մարդասիրական նկատառումներից ելնելով հյուրընկալել է և ապաստան է տվել ձերբակալության վտանգի տակ գտնվող 35-ամյա Հուսեյնովին, ով մինչև հիմա ապրում է դեսպանատան տարածքում: Նրա կինը ամերիկուհի է, բայց Հուսեյնովը ԱՄՆ-ի քաղաքացիություն չունի:
Չնայած նա արդեն բավականին ժամանակ՝ կես տարուց ավելի ապրում է դեսպանատան տարածքում, այդ մասին առաջին անգամ հայտնի դարձավ երեկ: Այս մասին փետրվարի 11-ին հաղորդեց Շվեյցարիայի հանրային հեռուստաընկերությունը: Իսկ հետո արդեն Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը:
«Իրավապաշտպանի՝ դեսպանատանը հայտնվելն ու այնտեղ ապաստանելը թրիլերի է նմանվում», - գրում է Foreign Policy հանդեսը՝ փոխանցելով որոշ մանրամասներ:
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի տեղական կազմակերպության նախագահ Հուսեյնովը Ադրբեջանում հետապնդվող բազմաթիվ իրավապաշտպաններից մեկն է:
Fօreign Policy-ի աղբյուրների համաձայն, Ադրբեջանում իշխանությունները նրա բանկային հաշիվը սառեցրել էին դեռևս անցյալ տարվա հունիսին: Այն ժամանակ Հուսեյնովը դեռ կարող էր դուրս գալ երկրից և Ստրասբուրգում Ռասուլ Ջաֆարովի հետ ներկա է եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որտեղ անցկացված միջոցառմանը քննադատել են Իլհամ Ալիևի կառավարությանը քաղաքացիական իրավունքները ճնշելու համար: Ստրասբուրգից հետո Ջաֆարովը ձերբակալվում է և Էմին Հուսեյնովը հասկանում է, որ նույն ճակատագիրը իրեն է սպասում:
Օգոստոսի սկզբին նա մասնակցում է Բաքում ԱՄՆ-ի դեսպանատանը կազմակերպված մի միջոցառման, որտեղ թղթի վրա գրված մի գրություն է փոխանցում ժամանակավոր հավատարմատար Դերեկ Հոգանին․ - «Ես ձերբակալվելու վտանգի տակ եմ, ի՞նչ օգնություն կարող եք ցուցաբերել»:
Ըստ Foreign Policy-ի աղբյուրների, Դերեկ Հոգանը մերժել է նրան:
Օգոստոսի 6-ին Հուսեյնովը փորձել է դուրս գալ երկրից Թուրքիայում բուժում ստանալու նպատակով, բայց Ադրբեջանի սահմանակետում նրան թույլ չեն տվել անցնել սահմանը: Հաջորդ օրը նրա ընկերները զանգահարում և զգուշացնում են, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրենց կազմակերպության գրասենյակը և զգուշացնում են գրասենյակ չգալ: Նա թաքնվում է, ընդհատակ է անցնում:
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը այդ օրերին հանդես եկավ հայտարարությամբ՝ Բաքվին կոչ անելով դադարեցնել ակտիվիստների հետապնդումները, ձերբակալությունները և ազատ արձակել հիմնարար ազատությունների հայացքների համար դատապարտված իրավապաշտպաններին: Հայտարարությունում անհատապես նշված էր Լեյլա ու ԱրիֆՅունուսների, Ռասուլ Ջաֆարովի և Էմին Հուսեյնովի անունները:
Ըստ Foreign Policy-ի հրապարակման՝ եվրոպական մի քանի երկիր օգնության պատրաստակամություն են հայտնել, Հուսեյնովն ընտրել է Շվեյցարիայի դեսպանատունը, որովհետև այն մոտ է գտնվել իր թաքստոցին:
Նա ամբողջովին փոխել էր արտաքինը, ներկել մազերը: Ոստիկանությունը կասկածում էր, որ նա պետք է դրսում ապաստան փնտրի ու հսկողության տակ էր պահում օտարերկրյա դեսպանատները:
Օգոստոսի 18-ին, երբ Հուսեյնովը մոտենում է Շվեյցարիայի դեսպանության շենքին, կարճ ճանապարհին քաղաքացիական հագուստներով ոստիկանները սկսում են հարցուփորձ անել, թե ո՞վ է, ո՞ւր է գնում: Նա սեղմում է դեսպանատան մուտքի դռան զանգի կոճակը ու ինչ-որ մեկը նրան ուղղակի ներս է քաշում: Անգամ մի քանի վայրկյանը կարող էր ձախողել փրկվելու պլանը:
Էմին Հուսեյնովը հայրենի երկրում ապաստանել է օտարերկրյա դեսպանատանը, որը ադրբեջանական ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ է: Մինչև այսօր Ադրբեջանի իշխանությունը հրապարակավ չի խոստովանում, որ իր քաղաքացին թաքնվում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը: Շվեյցարիան ևս մինչև երեկ լուռ էր, բայց երբ պատմությունը բացահայտվեց, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց լուրը:
Հիմա երբ Էմին Հուսեյնովի գտնվելու վայրը ամբողջ աշխարհով մեկ հայտնի է, նրա ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ: Նրա կյանքը դեսպանատանը կարող է երկար շարունակվել: Ինչպես օրինակ Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով մոտավորապես երեք տարի ապրում է Լոնդունոմ Էկվադորի դեսպանատանը, գրում է Foreign Policy հանդեսը:
Այսօր արդեն Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ իր քաղաքացին ապաստանում է Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը ասել է, որ Էմին Հուսեյնովը մեղադրվում է անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և հարկերը թաքցնելու մեջ: 2014 թվականի օգոստոսի 19-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:
Իսկ Շվեյցարիայի արտգործնախարարությունից APA գործակալությանը հաստատելով լուրը՝ նաև ասել են, որ Ադրբեջանի քաղաքացուն ապաստան տալու պահից նրա շահերի համար Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ են վարում: