Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների». Լրատվամիջոցների ազատության հետ կապված Հայաստանում զգալի խնդիրներ կան


Մամուլի ազատությունը աշխարհում ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, 12-ը փետրվարի, 2015թ․
Մամուլի ազատությունը աշխարհում ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, 12-ը փետրվարի, 2015թ․

Մամուլի ազատության մակարդակով Հայաստանը աշխարհի 180 պետությունների շարքում 78-րդն է` աֆրիկյան Սիերա Լեոնեի և Լեսոտոյի անմիջական հարևանությամբ: Սա են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այսօր հրապարակած տարեկան զեկույցի տվյալները:

Լրագրողական հեղինակավոր այս կազմակերպության պնդմամբ՝ Հայաստանը հայտնվել է այն պետությունների թվում, որտեղ մամուլի ազատության հետ կապված «զգալի խնդիրներ կան»:

Նշենք, ի դեպ, որ դիտարկելով լրատվամիջոցների ազատության վիճակը այս կամ այն երկրում, զեկույցի հեղինակները ընդհանուր առմամբ վեց չափորոշիչ են հաշվի առել`բազմակարծության մակարդակը տվյալ երկրում, պետական և քաղաքական կառույցների գործունեության թափանցիկությունը, ազգային օրենսդրությունը, լրատվամիջոցների համար անկախ կերպով գործելու հնարավորությունները, լրագրողների ինքնագրաքննության առկայությունը, ինչպես նաև լրատվամիջոցների գործունեության համար անհրաժեշտ ենթակառույցների գոյությունը:

Առանձին տողով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները դիտարկում են լրատվամիջոցների և լրագրողների դեմ ֆիզիկական բռնության դեպքերը:

Զեկույցի հեղինակները արձանագրում են, որ 2014-ին Հայաստանում որևէ լրագրող կամ բլոգեր չի սպանվել:

Նշենք, սակայն, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2014-ին Հայաստանում լրագրողների դեմ բռնության առնվազն մեկ դեպք արձանագրել էր:

Դեռ հունիսի 26-ին կազմակերպությունն իր պաշտոնական կայքէջում բավական մանրամասնորեն անդրադարձել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանի, Արփի Մախսուդյանի և Փայլակ Ֆահրադյանի դեմ ոստիկանության կողմից կիրառված բռնություններին: Այն ժամանակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիռը հայտարարում էր․ - «Մենք խստորեն դատապարտում ենք օրենքի շրջանակում իրենց աշխատանքը կատարող լրագրողների դեմ կիրառված ոստիկանական բռնությունների փաստը: Ոստիկանների գործողությունները չպետք է անպատիժ մնան, քանի որ հակառակ պարագայում դրանք կարող են կրկնվել` վերածվելով նորմալ պրակտիկայի: Լրագրողների վրա ձեռք բարձրացրած ոստիկանները պետք է կանգնեն արդարադատության առջև»:

Հիշեցնենք՝ այդ միջադեպում ներգրաված ոստիկաններից և ոչ մեկը անցած ութ ամիսներին այդպես էլ չպատժվեց:

Կազմակերպության այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցների ազատության մակարդակով Հայաստանը հարավկովկասյան երեք պետությունների թվում միջանկյալ դիրքում է հայտնվել:

69-րդ հորիզոնականում գտնվող Վրաստանը ոչ միայն առաջ է անցել Հայաստանից, այլև զեկույցում տեղ գտած պետությունների թվում ամենանշանակալի առաջընթաց արձանագրած երկրներից մեկն է՝ մեկ տարում իր դիրքերը բարելավել է 15 կետով:

«2012 և 2013 թվականների ընտրական լարվածությունից հետո վրացական լրատվամիջոցները սկսել են քաղել վերջին տարիներին երկրում իրականացված բարեփոխումների պտուղները: Լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվությունը վերջին տարիներին ավելի թափանցիկ է դարձել: Դրա հետ մեկտեղ, սակայն, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված և ոչ այնքան անկախ մնալ», - նշում են զեկույցի հեղինակները:

Իսկ հարավկովկասյան երրորդ պետությունը` Ադրբեջանը, զեկույցի գլխավոր հետնապահներից մեկն է և գտնվում է 162-րդ հորիզոնականում` Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հյուսիսային Կորեայի և Թուրքմենստանի հետ նույն խմբում:

«2014-ը վատ տարի էր Ադրբեջանի համար: Իշխող վարչախումբը շարունակում է լռեցնել երկրում հնչող անկախ ձայները», - նշում են զեկույցի հեղինակները` արձանագրելով․ - «Հայտնի ադրբեջանցի լրագրողներն ու բլոգերները այսօր նույն երկընտրանքի առջև են, ինչ իրավապաշտպանները` լռել, արտագաղթել, կամ էլ մտացածին մեղադրանքների հիման վրա հայտնվել բանտում»:

Լրագրողական կազմակերպության տվյալներով, զգալիորեն վատթարացել է նաև լրատվամիջոցների ազատության վիճակը Հայաստանին սահմանակից ևս մեկ պետությունում` Թուրքիայում, որը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած զեկույցի 149-րդ հորիզոնականում է:

«Անցած տարի Թուրքիայում մոտ չորս տասնյակ լրագրողներ ազատ արձակվեցին բանտերից, բայց և այնպես, նրանց դեմ հարուցված քրեական գործերը չկարճվեցին, և ներկայացված մեղադրանքները շարունակում են ուժի մեջ մնալ: Դա նշանակում է, որ այդ լրագրողներին ցանկացած պահի կրկին կարող են ձերբակալել», - նշում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փորձագետները` ամփոփելով․ - «Իրավիճակը Թուրքիայում իրականում գնալով վատթարանում է` հանգեցնելով տեղեկատվություն ազատության հետագա սահմանափակման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG