Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է թմրամիջոցների Հայաստանի տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:
ԱԱԾ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Լատինական Ամերիկայի երկրներից թմրանյութը տարանցիկ չվերթներով՝ ուղեբեռում հատուկ հարմարեցված թաքստոցներում, «Պերուի, Արգենտինայի քաղաքացիների կողմից տեղափոխվում էր Հայաստան, փոխանցվում հանցավոր խմբավորման՝ Բուլղարիայի, Լիբանանի ներկայացուցիչներին, իսկ վերջիններս ցամաքային կամ օդային ճանապարհով փորձում էին Հայաստանից արտահանել Թուրքիա»:
«Հունվարի 27-ին կասեցվել է Սան Պաուլո - Աբու Դաբի - Երևան տարանցիկ չվերթով Հայաստան ժամանած Պերուի երկու քաղաքացիների կողմից 2.7 կգ մաքուր քաշով «կոկաին» տեսակի թմրանյութի Հայաստան ներկրման փորձը, փետրվարի 9-ին նույն չվերթով Հայաստան ժամանած Արգենտինայի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2.6 կգ մաքուր քաշով կոկաին, փետրվարի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում Բուլղարիայի երկու քաղաքացիների՝ ազգությամբ արաբներ, մոտ հայտնաբերվել է մոտ 4.8 կգ կոկաին, որը վերջիններս փորձում էին Երևան - Ստամբուլ չվերթով արտահանել Թուրքիա», - ասված է ծառայության հաղորդագրությունում։
Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը: