Մատչելիության հղումներ

ԱՄՆ նոր դեսպանը ժամանում է Ադրբեջան


Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռոբերտ Սիքյութան տեսաուղերձ է հղում ադրբեջանցիներին
Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռոբերտ Սիքյութան տեսաուղերձ է հղում ադրբեջանցիներին

Ռոբերտ Սիքյութան Բաքու է ժամանում մի իրավիճակում, երբ ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենավատ վիճակում 90-ականների սկզբից ի վեր:

Այսօր Բաքու կժամանի Ադրբեջանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռոբերտ Սիքյութան: Մի քանի ժամից բարձրաստիճան դիվանագետը արդեն Բաքվում կլինի` ստանձնելով Ադրբեջանում ամերիկյան ներկայացուցչության թվով տասնմեկերորդ ղեկավարի պաշտոնը:

Բաքու մեկնելուց առաջ Սիքյութան որոշեց իր ապագա պաշտոնավարման երկրի բնակիչներին դիմել նրանց համար հասկանալի լեզվով:

«Ողջույն, ես Ռոբերտ Սիքյութան եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը ձեր երկրում», - դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հատուկ տեսաուղերձում ադրբեջաներենով ասում էր դեսպանը:

Ամերիկացի դիվանագետի ադրբեջաներենի գիտելիքները, սակայն, այնքան էլ խորը չէին, ուստի նա որոշեց ելույթը շարունակել արդեն մայրենի լեզվով: «1991 թվականից, Ադրբեջանի անկախացումից ի վեր, մեր երկու երկրները կարողացել են բավական լուրջ համագործակցություն ծավալել, որը հիմնված էր մի շարք ընդհանուր նպատակների վրա: Տարածաշրջանային կայունությունը, տնտեսական աճը, մասնավորաբար՝ ադրբեջանցի երիտասարդների համար աշխատատեղերի ապահովումը, ահա այն երկու առաջնահերթությունները, որ առկա են մեր երկկողմ հարաբերություններում: Երրորդ առաջնահերթությունը ժողովրդավարության զարգացումն է: Այս երեք խնդիրներն էլ առանցքային նշանակություն ունեն Ադրբեջանում կայունության պահպանման տեսանկյունից: Դրանք են մեր երկկողմ հարաբերությունների հիմնարար ասպեկտները», - հայտարարում էր Սիքյութան:

Նորանշանակ դեսպանը Բաքու է ժամանում մի իրավիճակում, երբ երկկողմ ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենավատ վիճակում 90-ականների սկզբից ի վեր: Ամերիկյան ծագում ունեցող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, Բաքվում գտնվող գրասենյակները փակվել են: Բազմաթիվ լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ ճաղերի ետևում են:

Նման իրավիճակում պատահական չէ, որ հենց այսօր` Ռոբերտ Սիքյութայի Բաքու ժամանելու օրը, Ադրբեջանում ստեղծված կացությունը ամերիկյան Կոնգրեսում կազմակերպված հատուկ լսումների թեմա է դարձել:

Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար, Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական, հանրապետական Դանա Ռորաբախերը «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցին ասել է․ - «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումը մեր երկկողմ հարաբերությունները խթանելու լավագույն տարբերակը չէր: Դա է պատճառը, որ մենք կազմակերպել ենք այս լսումները, որպեսզի հասկանաք` ինչ է հարկավոր անել երկկողմ լավ հարաբերությունները վերահաստատելու համար»:

Այսօրվա լսումներին, ի դեպ, կմասնակցի նաև Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, ով մի քանի ամիս առաջ դիմել էր նախագահ Օբամային` կոչ անելով նրան պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG