Հակոբ Ղազանչյանի համոզմամբ՝ թատերական արվեստի զարգացումը առաջին հերթին կախված է թատերական կրթական համակարգից: Երբեմն, նրա խոսքով, ինստիտուտից թատրոն են գալիս անգամ լեզվական խախտումներով մարդիկ:
«Հենց առաջին կուրսից գիտեն, որ ոչինչ դուրս չի գա: Միայն նրա համար է արվում, որ նրանք վճարունակ են և ինստիտուտի բյուջեն փող է մտնում», - ասաց Ղազանչյանը, ով նաև Թատերական գործիչների միության նախագահն է՝ հավելելով, որ արվեստի բուհերում պետք է այլ մոտեցում լինի: - «Էլ չեմ ասում, որ տաղանդավոր երեխեքը, որքան էլ բարդ լինի աշխարհաքաղաքական վիճակը, պետք է ազատվեն ծառայությունից այդ չորս տարիների ընթացքում»:
Նա շեշտեց, որ երիտասարդների շրջանում քիչ չեն նաև շնորհալիները, և դրա շնորհիվ թատրոններն աստիճանաբար նոր դիմագիծ են ստանում․ իր ղեկաված Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների ութսուն տոկոսը երիտասարդներ են:
Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով նույնպես այսօր ասուլիսի էր հրավիրել լրագրողները, ասաց, թե թատրոնների չպիտի վախենան սերնդափոխությունից․ - «Թատրոնը կենդանի օրգանիզմ է․․․ Թատրոնը դա ստեղծագործական անձնակազմն է, և ինչքան էլ դա տխուր լինի՝ այդ անձնակազմը ծնվում է, մեծանում էև մահանում է: Ես ֆիզիկական մահը նկատի չունեմ: Եվ որպեսզի ծնվի նոր թատերախումբ, տեղ պիտի ազատվի»:
Այստեղ երևան է գալիս մեկ այլ խնդիր․ - «Երբ դու ստիպված ես լինում հրաժարվել որևէ դերասանից, դու․․․ շպրտում ես մարդուն դուրս՝ առանց որևէ ապահովության: Սա շատ դժվար է: Այստեղ իրար դեմ առնում մարդկային խնդիրը և ստեղծագործական խնդիրը․․․ Սրանք կարևոր հարցեր են և պահանջում են կոմպլեքսային լուծում»:
Հակոբ Ղազանչյանը բարձրացրեց նաև պետպատվերով բեմադրությունների ֆինանսավորման հարցը: Նա ասաց, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է իր ղեկավարած Պատանի հանդիսատեսի թատրոնին պետպատվերով գումար հատկացվել: Ափսոսանքով նշեց, որ մերժվել է Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմադրությունը պետպատվերով ֆինանսավորելու իրենց հայտը․ - «Մերժումների մեջ կուզենայի, որպեսզի մի փոքր պարզություն լինի․ ինչու մերժվեց, ով էր դեմ: Կուզենայի, որ մասնագիտական հանձնաժողով լիներ, և կոնկրետ ասեին, եթե մերժում են մի նախագիծ, ասեին, թե ինչու են մերժել: Եթե մի նախագծի գումար են տալիս, դարձյալ ասեին, թե ինչու են տալիս այդ գումարը»:
Ռուբեն Բաբայանը համոզված է, որ թատրոնների համար լուրջ հնարավորություններ կարող են ստեղծել հովանավորները, մեկենասները, սակայն այդ ինստիտուտը մեզանում չի աշխատում․ - «Մեկենասությունը և հովանավորչությունը մեզ մոտ ընկալվում է որպես ողորմություն խնդրել: Դա այդպես չէ: Երբ երկիրը բիզնեսը ու արվեստը կապում է իրար, նա դրանով ավելի քաղաքակիրթ է դարձնում և բիզնեսը: Որովհետև այն բիզնեսմենը, որը հովանավոր է սիմֆոնիկ օրկեստրը, կամ որևէ թանգարան կամ թատերախումբ, նա արդեն մի քիչ ուրիշ մակարդակի բիզնեսմեն է լինում, քան այն բիզնեսմենը, որը պարզապես սաունա է հովանավորում»: