Այսօր՝ Վահան Տերյանի ծննդյան 130-րդ տարեդարձի օրը նրա ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, դպրոցականներ և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ, ինչպես ամեն տարի, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով մեծ բանաստեղծի շիրիմին Կոմիտասի զբոսայգում գտնվող Պանթեոնում:
Ուշագրավ է, որ պատանիներն ու երիտասարդներն ամեն անգամ այնպիսի սիրով են Տերյան արտասանում, որ ակամայից մտածում ես, որ նա բոլոր ժամանակների բանաստեղծն է:
«Տերյանը իր բանաստեղծություններով ոնց որ խոսում է ամեն մեկի հետ առանձին: Առանձին ու յուրովի է, ու դրա համար շատ սիրելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Ամեն Նոր տարուց հետո մենք գրական տարի ենք սկսում: Գրական տարին սկսում ենք Պարույր Սևակով,գրական տարին շարունակում են Վահան Տերյանով, հետո գալիս է Հրանտ Մաթևոսյանը, հետո գալիս է Հովհաննես Թումանյանը, հետո գալիս է Եղիշե Չարենցը, գալիս է Սահյանը, գալիս է Շիրազը: Սրանք մեր տոնական օրերն են: Մեր ժողովրդի համար խանդավառության տոնական օրեր են, որովհետև առիթ է վերստին մեր մշակույթի հետ շփվելու, մեր ազգային բանը, ոգին, բառը, էությունը խորքից ճանաչելու», - «Ազատության»-ը ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանըէ շարունակելով․ - «Այսօր տերյանական օր է: Տերյանը ամբողջ դարաշրջան է։ Հովհաննես Թումանյանը փակեց Աբովյանի եկող գրական դպրոցը, թեև այն դեռ շարունակվում էր, նրա կողքին Վահան Տերյանը բացեց մի նոր գրական դպրոց, որի առաջին աշակերտը կամ շարունակողը պիտի լիներ Չարենցը, հետո պիտի ուրիշները գային»:
«Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանի համոզմամբ՝ յուրաքանյուրս Տերյանին մեր մեջ ենք կրում սկսած վաղ պատանեկան հասակից․ - «Առաջին անգամ սիրահարվել եմ ու հասկացել եմ, որ Տերյան եմ կարդալու: Առաջին բանաստեղծությունը, որ գրել եմ, լավ իմաստով Տերյան է․ իմն է, իմ զգացումն է, բայց Տերյան է․․․ Ինքը հաճախ է հյուր գալիս ինձ, այնքան հաճախ եմ ուզում վերցնել գրքույկը ու առանձնանալ»:
Շատ կարևոր է , որ մեր մեծերի հոբելյանները նշանավորվում են ոչ միայն հրաշալի խոսքով, այլև կարևոր հրատարակություններով: Բոլորովին վերջերս Տերյանի ծոռը ՝ Գևորգ Էմին-Տերյանը հրատարակել է «Վահան Տերյան․ անտիպ և անհայտ էջեր» 750 Էջանոց ժողովածուն, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով, այս գիտական աշխատությունը մի մեծ բաց է լրացնում Տերյանի կյանքի ու գործի, ինչպես նաև գրական ժառանգության ուսումնասիրության գործում․ - «Լրացնում է այն բացը, որ մոտ 90 տարի՝ Տերյանի մահից հետո կուտակվել էր տերյանագիտության մեջ: Որովհետև Տերյանի մահին հաջորդեց քաղաքական, հասարակական այնպիսի մի շրջան, որտեղ շատ բաների մասին կա՛մ չէր կարելի խոսել, կա՛մ վտանգավոր էր խոսել: Եվ այն մարդիկ, ովքեր զբաղվել են տերյանագիտությամբ այդ շրջանում, ցավոք, գուցե պարտադրանքով, գուցե սեփական ներքին խմբագրի կամքով, բազմաթիվ էջեր են աղավաղել Տերյանի ստեղծագործության մեջ․․․ Այս մենագրության մեջ վերականգնվել են բոլոր այդ կրճատված, մկրատված հատվածները»:
Գևորգ Էմին-Տերյանն էլ մեր զրույցի ընթացքում ասում էր, որ այս գրքին հաջորդելու են նոր ուսումնասիրություններ․ - «Արդեն բարձր կուրսերից ես սկսեցի գնալ արխիվ ու տող առ տող համեմատել նամակները: Եվ հայտնաբերեցի ահռելի ժառանգություն, որ հրատարակված չէ: Դրա մի մասը, որը առանցքային է Տերյանին հասկանալու համար, ես ամփոփել եմ այս գրքում․․․ Տերյանին խորհրդային ժամանակաշրջանում փորձել են տեղավորել ինչ-որ կերպարի մեջ՝ կոմունիստ և այլն, ինչ-որ ստերետիպ են ստեղծել․․․ Եվ հանել են քաղաքական, հասարակական, աշխարհայացքային, ազգային, մարդկային բոլոր գնահատականները․․․ և՛ գաղափարական նկատառումներով, և՛ գրականագետի քմահաճույքով»: