Մատչելիության հղումներ

Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կհանդիպեն Մինսկում


Ռուսաստան - Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Կրեմլում քննարկում են Ուկրաինայի հարցը, 6-ը փետրվարի, 2015թ.
Ռուսաստան - Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Կրեմլում քննարկում են Ուկրաինայի հարցը, 6-ը փետրվարի, 2015թ.

Հանդիպման ժամանակ կքննարկվի անջատականների և ուկրաինական բանակի միջև բուֆերային գոտի ստեղծելու հարցը:

Ուկրաինական ճգնաժամի հարցով անցած շաբաթավերջին Մոսկվայում կայացած բանակցությունները, չնայած կողմերի միջև առկա բոլոր տարաձայնություններին, այդուամենայնիվ, արդյունավետ կարելի է համարել: Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները պատրաստվում են հանդիպել չորեքշաբթի օրը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ փետրվարի 11-ին Պետրո Պորոշենկոն, Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը և Ֆրանսուա Օլանդը հանդիպելու են Մինսկում:

Պայմանավորվածությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Կիևում ակնկալում են, որ նախագահների ջանքերը կբերեն անհապաղ և երկկողմանի հրադադարի:

Իր հերթին, Ռուսաստանի նախագահն ավելի զգույշ հայտարարություն է արել: Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե մինչև չորեքշաբթի օրը կարողանան համաձայնեցնել մի շարք դիրքորոշումներ, հանդիպումը կկայանա Մինսկում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մոսկովյան բանակցություններից հետո Փարիզում ասել է, թե Պուտինը հասկանում է, որ անջատականները հաղթում են պատերազմում, և այդ պատճառով էլ կոշտ դիրքորոշում ունի:

Հանդիպման ծրագրի շրջանակում քննարկվում է 50-70 կիլոմետր լայնությամբ բուֆերային գոտի ստեղծելու հարցը, որը կբաժանի ուկրաինական զորքերն ու անջատողականների ստորաբաժանումները, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններին լայն ինքնավարություն տալու թեման:

Կիևը, այդուամենայնիվ, ակնկալում է, որ «նորմանդյան ձևաչափով» այս բանակցությունների ժամանակ հնարավոր կլինի պայմանավորվել խնդրի կարգավորման, ոչ թե սառեցման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG