«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր դատապարտել է երեկ ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստն՝ այն գնահատելով «քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված լկտի և ցինիկ մարտահրավեր»:
Հիշեցնենք, երեկ ժամը 12:00-ի սահմաններում «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներին, և տարել անհայտ ուղղությամբ։ Խաչատրյանին գտել էին դեպքից մոտ հինգ ժամ անց, իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։
Կուսակցության հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Միանշանակ է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա: Երկրում ստեղծված գանգստերական մթնոլորտի և ամենաթողության հիմնական մեղավորը համարում ենք երկրի բարձրագույն քաղաքական իշխանությանը, ովքեր կրում են նաև անձնական պատասխանատվություն այս ամենի համար»:
«Երկրում կուտակված խնդիրները լուծելու, պետության և ժողովրդի առջև ծառացած ծանրագույն մարտահրավերները դիմագրավելու, երկրում ներքին համերաշխության մթնոլորտ ապահովելու փոխարեն քաղաքական իշխանությունն ընտրում է դարանակալած առևանգման, թիկունքից հարվածելու, ծեծի թուլամորթ գործելաոճը», - ասված է ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունում:
ԲՀԿ-ն պահանջել է իրավապահ մարմիններից՝ ամենասեղմ ժամկետներում բացահայտել այս և վերջին շրջանի բոլոր «պատվիրված հարձակումները քաղաքական, հասարակական գործիչների և ակտիվիստների վրա»:
«Երեկ ամբողջ օրը Հայաստանի բոլոր մարզերից, քաղաքներից մենք ստացել ենք ԲՀԿ կառույցների, համաժողովրդական շարժման գրասենյակների և բազմաթիվ քաղաքացիների առաջարկները՝ Հայաստանի տարբեր ծայրերից անմիջապես տասնյակ հազարներով շարժվել դեպի Երևան: ԲՀԿ քաղխորհուրդն այս պահին խնդրում է ձեռնպահ մնալ նման քայլերից», - հայտարարել է ԲՀԿ-ն ու կոչ արել գրասենյակների ներկայացուցիչներին և ԲՀԿ ակտիվիստներին՝ կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ ժողովրդի մեջ, համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար:
«Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե Արտակ Խաչատրյանի և մյուս քաղաքական-հասարակական ակտիվիստների դեմ բռնությունները մնալու են անպատիժ», - ասված է հայտարարությունում։
ԲՀԿ քաղխորհուրդն առաջարկել է նաև ԲՀԿ ԱԺ խմբակցությանը՝ «մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչև մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը»: