Մատչելիության հղումներ

Բախշյանը «քամուն տալ» է համարում հայ-ռուսական երիտասարդական հավաքին 10 մլն դրամ հատկացնելը


Բախշյանը «քամուն տալ» է համարում հայ-ռուսական երիտասարդական հավաքին 10 մլն դրամ հատկացնելը
please wait

No media source currently available

0:00 0:04:39 0:00

Միջոցառման համար Հայաստանի կառավարությունը բյուջեից տրամադրելու է 10 միլիոն 97 հազար դրամ, որից 6 ու կես միլիոնից մի փոքր ավելին նախատեսվում է «Անի» հյուրանոցում հյուրերի մնալու, դահլիճների, թարգմանիչների ու թարգմանչական սարքերի վարձակալման, նույն հյուրանոցում ճաշի ու ընթրիքի, հուշանվերների համար։

Ավելի քան 700 հազար դրամը նախատեսվում է տրանսպորտային ծախսերի, իսկ ավելի քան մեկուկեսմիլիոն դրամը՝ «Հին Էրիվան» ռեստորանում ճաշելու համար: Ընդ որում՝ մեկ անձի համար ճաշացանկը կազմել է 19 հազար դրամ։ Բացի ավանդական խորովածի տեսականիներից ու իշխանից, հայ և ռուս երիտասարդները վայելելու են «Ախթամար» կոնյակ ու «Ֆինլանդիա» օղի։

Ծանոթանալով համաժողովի ծրագրին, Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը պնդում է՝ բյուջեի միջոցները փոշիացվում են․ - «Որպեսզի հայ-ռուսական երիտասարդական փոխհամագործակցություն լինի, պարտադիր չէ, որ հարյուր հոգի Հայաստանից, հիսուն հոգի Ռուսաստանից իրար հետ երեք օր «Անի պլազա»-ում ապրեն, «Հին Էրիվան»-ում ընթրեն, այսքան գումար ծախսվի»:

Անահիտ Բախշյանի խոսքով, Հայաստանում այսօր կան ուսումնական ու սոցիալական մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսավորման բացակայության պատճառով մնում են թղթի վրա, որոշ կարևոր ծրագրերի էլ բավական քիչ գումար է հատկացվում։

Մայրաքաղաքի ավագանու անդամը մատնանշում է դպրոցներում ազգային պարի դասավանդման ծրագիրը, որի համար ընդամենը 7 միլիոն դրամ է հատկացվել․ - «Ամեն կերպ կրթության ֆինանսավորումից կրճատել են, կսմթել են, հանել են գումարները: Բայց այսպիսի անիմաստ, անբովանդակ և անարդյունավետ, ոչինչ չտվող միջոցառմանը տասը միլիոն դրամ հեշտությամբ քամուն են տվել»:

«Կարելի էր նաև այդ գումարով գրքեր գնել և ուղարկել սահմանամերձ գյուղեր», - ասում է Անահիտ Բախշյանը․ - «Ես շաբաթ օրը Վազաշեն եմ գնալու: Գյուղը մանկապարտեզ չունի: Կարելի էր այդ գումարը տրամադրել, որ դպրոցի ազատ տարածքում մանկապարտեզ հիմնել: Մի խոսքով՝ հազար ու մի ծակ ունի Հայաստանը տնտեսության մեջ: Կարելի էր այդ տասը միլիոնը այնտեղ դնել»:

Կառավարությունը հիմնավորում է, որ համաժողովի անցկացումը կնպաստի հայ և ռուս երիտասարդների միջև փոխըմբռնման խորացմանը: Այնինչ Անահիտ Բախշյանը համարում է, որ նման բովանդակությամբ ծրագրերով երիտասարդների մերձեցման փորձերն արհեստական են․ - «Ցույց տալու ընդամենը Ռուսաստանին, որ տեսեք, մենք այդ համաձայնագրի շրջանակներում բարեկամության առաջարկ ենք անում, Հայաստանում հակառուսական որևէ տրամադրվածություն չկա: Հերթական շողոքորթության հոտ է գալիս, որը պատվաբեր չի մեր երկրի համար»:

Հայաստանից համաժողովին մասնակիցների ցանկը բավականին ներկայացուցչական է՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան ու իր տեղակալ Արսեն Քարամյան, Արտաքին գործերի, Կրթության և գիտության նախարարների տեղակալներ, Հանրապետության նախագահի օգնական, Երևանի փոխքաղաքապետ, Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահ և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Մինչդեռ ռուսական կողմից ակնկալվում է, որ Հայաստան կգան մի քանի դաշնային գործակալությունների և կազմակերպությունների տնօրեններ:

«Այսինքն հերթական անգամ մենք ասում ենք, որ, այո, մենք մեզ ճանաչում ենք որպես վասալ, մենք ընդունում ենք, որ մենք թույլ ենք, պստիկ ենք․․․ եկեք մեր նախարարների մակարդակով ներկայացուցչական հանդիպմանը դուք, ոչինչ, ձեր «ճ» կլասի երիտասարդներին ուղարկեք, կուտացնենք, կխմցնենք, կգնան կասեն՝ Հայաստանում ռուսների նկատմամբ շատ լավ են վերաբերվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG