Աբովյանում քիչ առաջ մեկնարկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած քաղաքական խորհրդաժողովը՝ երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար:
Համաժողովի մեկնարկին Ծառուկյանը կրկին պնդեց, որ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից: Վերստին քննադատելով Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, վերջին ամիսների ֆինանսական ցնցումներն ու դրանց՝ իշխանության արձագանքը, ԲՀԿ-ի առաջնորդը պնդեց՝ եռյակի առաջ քաշած 12 պահանջները մնում են ուժի մեջ:
«Եթե իշխանությունները մերժելու տարբերակն են ընտրում, ապա ժողովուրդը ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, և եթե պետության զարագացումը, պետության անվտանգությունը պահանջում է իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի», - հայտարարեց Ծառուկյանը՝ հավելելով․ - «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, սակայն քայլերի համար ժամկետը անսահմանափակ չէ»:
Հանրահավաքային ավելի քան եռամսյա դադարից հետո ԲՀԿ-ի առաջնորդը տեղեկացրեց, որ առաջիկայում կլինեն հանրահավաքներ մարզերում և Երևանում՝ առանց հստակ ժամկետներ նշելու:
Խորհրդաժողովին չեն մասնակցում իշխող Հանրապետական կուսակցությունը, քանի որ հրավիրված չէ, և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որը հայտարարել է, որ նախընտրում է «Բարգավաճ Հայաստան»-ի հետ քննարկումներն անցկացնել երկկողմ և եռակողմ՝ ոչ իշխանական եռյակի, ձևաչափերում:
Առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ: