Մատչելիության հղումներ

Ժամանակն է բանակցելու. Ջեյմս Ուորլիք


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում գրանցված միջադեպերի և խաղաղ բանակցությունների հեռանկարների մասին է խոսել «Ամերիկայի Ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում:

«Ամերիկայի Ձայն».- Պարոն դեսպան, ի՞նչ կարող են անել միջնորդները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված իրավիճակի հանդարտեցման համար:

Ուորլիք.- Մենք անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս գրանցվել են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում: Ցավոք, 2015-ի հենց սկզբից գրեթե ամեն օր գրանցվում են նոր միջադեպեր: Մենք իրոք անհանգստացած ենք խաղաղ գործընթացի ապագայի համար:

«Ամերիկայի Ձայն».- Կարծիք կա, որ Վաշինգտոնը պետք է աջակցի կողմերի միջև ուղղակի բանակցություններին։

Ուորլիք.- Միացյալ Նահանգները պատրաստ է կողմերին ցանկացած օգնություն ցուցաբերել: Իրոք ժամանակն է սկսել բանակցություններ, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահների առաջարկները սեղանի վրա էին դրվել դեռևս անցյալ տարի, և հույս ունենք, որ կողմերը կընդունեն դրանք, և մենք հնարավորություն կստանանք ուղղակիորեն աշխատել կարգավորման վրա:

«Ամերիկայի Ձայն».- Իսկ Մինսկի խումբն ինքը շարունակելո՞ւ է գործել Մոսկվայի և Արևմուտքի միջև եղած լուրջ հակասությունների պայմաններում:

Ուորլիք.- Մինսկի խումբը մնում է կարգավորման այն ձևաչափը, որը ընդունելի է բոլոր կողմերի համար, և այս ձևաչափով աշխատանքները կշարունակվեն: Մենք անշուշտ ցանկանում ենք հասնել կարգավորման և անշուշտ ցանկանում ենք տասնամյակներ շարունակվող այս հակամարտությանը լուծում գտնել:

«Ամերիկայի Ձայն».- Այսինքն՝ համանախագահների միջև կապերը պահպանվո՞ւմ են։ Դուք պահպանո՞ւմ եք կապը Ձեր ռուս գործընկերոջ հետ:

Ուորլիք.- Մենք հանդիպում ենք ու սերտ աշխատում ենք միասին հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մինսկի խումբը ռուս-ամերիկյան համագործակցության ոլորտ է մնում, և մենք հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի, ու կշարունակենք համատեղ աշխատանքները՝ նաև մեր ֆրանսիացի գործընկերոջ հետ միասին:

«Ամերիկայի Ձայն».- Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները չեն գիտակցում Հարավային Կովկասի նշանակությունը և տարածաշրջանի երկրների կարևորությունը։

Ուորլիք.- «Մենք հույժ կարևորություն ենք տալիս Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններին: 2014-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պետքարտուղար Քերրին հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և բացառիկ դրական բանակցություններ անցկացրել՝ քննարկելով նրանց հետ, թե ինչպես տարածաշրջան վերադարձնել խաղաղությունն ու բարգավաճումը: Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը մեր շահերից է բխում և մենք նախատեսում ենք աշխատել բոլոր կողմերի հետ:

«Ամերիկայի Ձայն».- Այս տարի խաղաղ գործընթացի հեռանկարներ ընդհանրապես տեսնո՞ւմ եք:

Ուորլիք.- Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փարիզյան իրենց վերջին հանդիպման ընթացքում պարտավորվել են շարունակել և ավելացնել փոխադարձ շփումները: Սա մի հակամարտություն է, որն իրականում կարող է կարգավորվել միայն ամենաբարձր մակարդակով: Մենք ակնկալում ենք, որ նախագահների հանդիպումները կշարունակվեն և Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական աշխատանքը՝ կարգավորման հասնելու նպատակով:

«Ամերիկայի Ձայն».- 2015-ին ի՞նչ նոր նախաձեռնություններ են լինելու միջնորդների կողմից:

Ուորլիք.- Երկու նախագահն էլ լավ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լիարժեք կարգավորման համար: Մեզ հայտնի է, որ անցյալ տարի կայացած իրենց բանակցությունների ընթացքում նախագահները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն և որ նրանք կրճատում են միմյանց միջև եղած տարաձայնությունները: Այժմ կարևոր է, որ նախագահների բանակցությունները շարունակվեն: Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը խաղաղ կարգավորվի, ինչը հնարավոր կլինի, եթե նախագահները հաղթահարեն իրենց տարաձայնությունները: Մենք էլ պատրաստ ենք այդ հարցում իրենց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG