Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում վաղը իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը կկատարի Սերգեյ Ռախմանինովի 2-րդ դաշնամուրային կոնցերտը։
Համերգին մասնակցելու է թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
«Իտալացի հանրաճանաչ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի ճանապարհը Հայաստան շատ երկար է եղել: Ինքը մեծ ցանկություն է ունեցել լինել Երևանում, լինել Հայաստանում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց համերգի պրոդյուսեր, Օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր Մարինա Սահակյանը՝ պատմելով, որ անցած տարի ձեռք բերված պայմանավորվածությունը չհաջողվեց իրականացնել, քանի որ հենց այդ օրերին մահացավ դաշնակահարի մայրը:
Խոսելով վաղվա համերգի ծրագրի մասին՝ Սահակյանն ասաց․ - «Ռախմանինով, որովհետև դա Անտոնիո Կոնսալեսի ամենալավագույն, ամենաբարձ որակական աստիճանի հասած կատարում է: Իհարկե ինքը ունի ֆանտաստիկ սոլո գործեր՝ Շոպեն, Բախ, Լիստ, Գրիգ: Աստված տա, որ հետագայում ավելի մասշտաբային ու ավելի մեծ բնույթ կրեն այս հանդիպումները»:
Անտոնիո Կոնսալեսը նաև վարպետության դասեր է անցկացնելու երիտասարդ հայ դաշնակահարների համար, համերգով հանդես է գալու Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Նա շեշտեց, որ շատ կարևոր է համարում երիտասարդներին իր գիտելիքների փոխանցումը: Իտալիայում նա նաև դասավանդում է կոնսերվատորիայում, առհասարակ սիրում է երիտասարդների հետ աշխատել:
«Նրանք, ովքեր մեր այս դժվար օրերում իրենց կյանքը նվիրում են դասական երաժշտությանը, իրոք արտասովոր մարդիկ են», - ասաց Կոնսալեսը:
Իտալացի դաշնակահարը ասաց, որ ծրագրում է լինել Էջմիածնում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նշեց, որ կարճատև այցի ընթացքում, ցավոք, չի հասցնի ծանոթանալ հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգությանը: