Արևմուտքից օգնություն է խնդրում Միացյալ Նահանգներում Բելառուսի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին:
Ելույթ ունենալով Արևելյան գործընկերության ծրագրին նվիրված Ատլանտյան խորհրդի համաժողովի ընթացքում, որին մի շարք արևմտյան բարձրաստիճան նախկին ու ներկայիս պաշտոնյաներ են մասնակցել՝ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Իսպանիայի նախկին արտգործնախարար Աննա Պալացիոն, Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը և այլոք, բելառուսցի պաշտոնյան հունվարի 30-ին մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, կոչ է արել վերսկսել Բելառուսի հետ համագործակցությունը:
«Բելառուսսկի պարտիզան» կայքի փոխանցմամբ՝ ընդունելով, որ, այո, Բելառուսը խնդիրներ ունի մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտներում, դեսպանության ղեկավարը, այնուհանդերձ, խնդրել է «օգնության ձեռք մեկնել» իրենց, քանի որ վտանգի տակ է հայտնվել «երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»:
«Ամեն ինչ այնքան իդեալական չէ, ինչպես կարող էր լինել: Անում ենք հնարավորը՝ բարելավելու մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Բայց կարևորն այն է, որ վտանգված է մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը», - հայտարարել է Շիդլովսկին:
«Մեր երկիրը հայտնվել է երկու քարի արանքում, ինչպես ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն, անմիջապես մեր սահմանների մոտ պատերազմ է ընթանում, իսկ Բելառուսի արևմուտքում սպառազինությունների մրցավազք է: Այդ իսկ պատճառով, Բելառուսն իր անկախությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ է զգում: Պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, որ դա ուղղված չէ մեր դեմ, որ մեր երկիրն այդ աշխարհաքաղաքական խաղում չի դառնա մանրադրամ և չենք կորցնի մեր անկախությունը», - ասել է բելառուսցի դիվանագետը:
Շիդլովսկու խոսքով՝ հենց այդ նպատաակով էլ փոփոխություններ են նախաձեռնել «Ռազմական դրության մասին» օրենքում: Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող այդ օրենքը ռազմական դրություն հայտարարելու հատուկ հիմքեր է սահմանում:
«Այս իրավիճակում Բելառուսին անհրաժեշտ է համագործակցել թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ: Դրա համար ես առաջարկում եմ բոլոր ելույթ ունեցողներին ճանաչել Բելառուսի հատուկ տեղն ու դերը այս պահին և Ռուսաստանում ծագած տնտեսական խնդիրներով պայմանավորված՝ օգնության ձեռք մեկնել մեզ», - հայտարարել է նա:
Դիվանագետը, այնուհանդերձ, չի մասնավորեցրել՝ կոնկրետ որ հարևանն է սպառնում Բելառուսի անկախությանն ու ինքնիշխանությանը: